Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում տեղ գտած տեղեկություններին որտեղ նշվում է, որ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել:
«Դեռ դեկտեմբերի 5-ին՝ «Ժողովուրդ» օրաթերթում «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով հոդվածը լույս տեսնելու օրը հերքման պահանջ հրապարակեցինք, փաստաթղթերով վեր հանելով օրաթերթի կողմից ապատեղեկատվություն ու զրպարտանք տարածելու փաստը։ Այսօր մամուլում հրապարակումներ են հայտնվել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ «Ժողովրդի» հոդվածում տեղ գտած տեղեկությունները ստուգելու համար։
Առանց փորձելու կանխորոշել հանձնաժողովի որոշումը՝ նորից տեղադրեմ կնքված և ստորագրված փաստաթղթերը, որտեղ երեւում է, որ Հայկ Մարությանը դադարել է լինել «Երկուս եւ կես» ՍՊԸ-ի տնօրենը 2018-ի հոկտեմբերի 10-ին՝ քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց 3 օր առաջ։
Նույն տեղեկությունը կարող էին էլեկտրոնային տարբերակով ստանալ նաև «Ժողովրդի» մեր գործը Կերբերը՝ վճարելով 3000 դրամ և Պետռեգիստրի էլեկտրոնային կայքից վերցնելով փաստաթղթերը։
Դեկտեմբերի 18-ին քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերն ուղարկել է Հանձնաժողովին և միջնորդություն ներկայացրել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին»,- նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ:


