Այսօր տարածվել է տեղեկություն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել։ Նշեմ, որ վարույթը հարուցվել է դեռևս ամսի 9-ին ՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հիման վրա, որտեղ նշվում էր, թե իբր Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ շուրջ 1 տարի նաև հանդիսացել է «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրեն։ Այս մասին հայտնում է Երևանի ավանագու անդամ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը։
«Ուրեմն՝ «Ժողովուրդը» տարածել է ապատեղեկատվություն՝ այն հիմնավորելով կասկածելի (գուցե անգամ կեղծված) փաստաթղթի նկարով, հետո ապատեղեկատվությունը նույնությամբ արտատպել են մի շարք ԶԼՄ-ներ, հետո դա տարածում են որոշ քաղաքական գործիչներ և այսպես շարունակ․․․ Մինչդեռ, վճարելով ընդամենը 3000 դրամ, կարելի է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքից ստանալ ընկերության ամբողջական տվյալները և սեփական աչքերով տեսնել, որ դեռևս 2018 թվականի նոյեմբերի 3-ին գրանցվել է տնօրենի փոփոխություն, և ընկերությունը ղեկավարում է այլ անձ։
Ես բոլորիդ համար այդ հարցումը արել եմ, խնդրեմ՝ պետական գրանցամատյանից քաղվածքն առ 18․12․2019։
Հ․Գ․ ամսի 18-ին քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերն ուղարկել է Հանձնաժողովին և միջնորդություն ներկայացվել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին»,-նշում է նա։