Այսօրվանից հանրակրթական դպրոցների 12-րդ դասարաններում մեկնարկել են պետական ավարտական քննությունները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։
Դեկտեմբերի 24-ին կազմակերպվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր քննությունը (թեստ): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետության 247 դպրոցում քննություն հանձնելու հայտ է ներկայացրել 3844 12-րդ դասարանցի:
Դեկտեմբերի 25-ին 352 դպրոցում «Մաթեմատիկա» առարկայից գրավոր (թեստ) քննություն կհանձնի 6287 աշակերտ: Իսկ դեկտեմբերի 26-ին տեղի կունենա «Հայոց պատմություն» առարկայի գրավոր (թեստ) քննությունը` թվով 381 դպրոցում, որին կմասնակցի 8886 աշակերտ:
12-րդ դասարանի սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:
Առաջին կիսամյակի ընթացքում պետական ավարտական քննությունների համար սահմանված վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է: 12-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր քննություններ հանձնելու նպատակով այս փուլում դիմումներ չեն ներկայացրել, պետական ավարտական քննությունները կհանձնեն երկրորդ կիսամյակի ավարտին:
Քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍՆ-ի երաշխավորած շտեմարաններից և ուսումնական հաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների քննական գնահատակաները դրվում են անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա:
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար քննաշրջանի ընթացքում կանցկացվի բանավոր քննություն ռուսերենից (Ռուսաց լեզու, ռուս գրականություն): Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը կազմվում են ռուսերեն:
Քննաշրջանի ընթացքում սովորողները ստուգարք են հանձնելու նաև «Ֆիզկուլտուրա» առարկայից:
Հիշեցնենք, որ քննությունները սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողներն ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 9:00-ին` անձը հաստատող փաստաթղթով` (ծննդյան վկայական, անձնագիր, նույնականացման քարտ) կամ հաստատության տնօրենի տրամադրած տեղեկանքով: Քննություններին չի թույլատրվում քննասենյակ բերել բջջային հեռախոս կամ կապի այլ միջոց, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց-ձեռնարկներ:
Արդյունքները հայտնի կլինեն քննությունը հանձնելու հաջորդ օրը՝ ժամը 14-ին: