Օրերս հեղինակավոր «Time» ամսագիրն անդրադարձել էր Հայաստանի դինամիկ տնտեսական աճին՝ մեր երկիրը բնորոշելով որպես «Կովկասյան վագր», որտեղ ներկայացրել էր հեղափոխությունից հետո երկրում արձանագրված փոփոխությունները և տնտեսական աճի տեմպը:
Այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։
Ամսագրի վերլուծությամբ իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մի շարք լրատվամիջոցներ գրեցին այն մասին, որ այդ հոդվածը կոմերցիոն բնույթի է, պատվիրված Հայաստանի իշխանության կողմից։ Նշվում էր, թե այդ հրապարակման համար կառավարությունը բյուջեից հսկայական գումարներ է հատկացրել։
Նախ պետք է նշել, որ էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ Հայաստանի պետական բյուջեից այս հոդվածի համար որևէ գումար չի հատկացվել։ Ինչ վերաբերում է հոդվածի՝ կոմերցիոն և պատվիրված լինելուն, ապա պետք է նկատել, որ «Time» ամսագիրը ունի կոմերցիոն մի քանի նախագծեր, որոնցից մեկը նաև այս հոդվածն էր, սակայն ոչ ամբողջովին։
Հոդվածի միայն մի մասն է կոմերցիոն
Հոդվածը ամբողջովին ուսումնասիրելիս՝ տեսնում ենք, որ առաջին հատվածը (որով կիսվել է նաև վարչապետը) վերաբերում է Հայաստանի տնտեսական հաջողություններին։
Մյուս հատվածը պատմում է հայկական ընկերությունների մասին` «Khachaturov Group» և «Արմէկոնոմ» բանկ։ Հոդվածի երկրորդ հատվածը իրենից ներկայացնում է կոմերցիոն գովազդ, սակայն այս հատվածի համար ևս Հայաստանի պետական բյուջեից որևէ գումար չի հատկացվել։
«Khachaturov Group» ընկերության սեփականատեր Նիկոլայ Խաչատուրովը «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նշեց, որ ամսագրի ղեկավարությունն է որոշում, թե որ գործարարի կամ ընկերության մասին գրի։
«Ամսագրի ներկայացուցիչը կապվել էր ինձ հետ և առաջարկել մեր ընկերության մասին հոդված գրել։ Հոդվածը կոմերցիոն է, այսինքն մենք գումար վճարել ենք հոդվածի՝ մեր հատվածի համար, սակայն կոմերցիոն առաջարկը արել ենք ոչ թե մենք, այլ հենց ամսագիրը», – նշել է Նիկոլայ Խաչատուրովը։
«Time»-ը ևս հերքում է
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել նաև ամսագրի խմբագրի և հոդվածի հեղինակների հետ, որոնք փաստել են, որ «Time» ամսագիրը երբևէ պատվերներ չի կատարել, իսկ կոմերցիոն հոդվածների պարագայում ամսագիրը միշտ տեղեկացնում է ընթերցողին։
Հայաստանի մասին հոդվածը պատրաստել է «The Intelligent Investor» մեդիա-գործակալությունը, որը հավատարմագրված է ամսագրի կողմից, սակայն ունի խմբագրական ազատություն։ Գործակալության ղեկավարը՝ Սերջան Սևան, «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում հայտնել է, որ իրենք հրավիրված չեն եղել Հայաստան՝ ոչ ՀՀ կառավարության, և ոչ էլ որևէ մասնավոր ընկերության կողմից։ Հայաստանի մասին հոդված պատրաստելու նախաձեռնությունը եղել է բացառապես խմբագրության որոշումը, որի հիմքում վերջին տնտեսական և քաղաքական իրադարձություններն են։
«Հոդվածի առաջին հատվածը պատրաստվել է մեր նախաձեռնության և ուսումնասիրության հիման վրա, այն կոմերցիոն չէ, հետևաբար որևէ մեկի կողմից չի ֆինանսավորվել», – հայտնել է խմբագիրը՝ հավելելով, որ հոդվածի մյուս մասերը թեև կրում են կոմերցիոն բնույթ, սակայն կազմակերպությունների ընտրությունները կատարել են իրենք, այլ ոչ հակառակը։