Գարիկ Սարգսյանը 2 միլիոն դրամի չափով փոխհատուցում է պահանջում լրատվականից

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տարեվերջյան ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքները:

Մարզպետը նշել է, որ անցնող տարին մարզի համար կարևորվել է տեղի ունեցած և դեռևս շարունակվող շինարարական աշխատանքների մեծածավալ թվով:

«Այս տարի ունենք թվով 58 սուբվենցիոն ծրագիր, մեր կողմից իրականում ներկայացվել է թվով 80 սուբվենցիոն հայտ, որոնք նախագծանախահաշվարկային  փաստաթղթերի թերի լինելու պատճառով մերժվել են: Այդ ծրագրերը հիմնականում կատարվել են 43 համայնքներում: Մասնավորապես, կատարվել են հետևյալ աշխատանքները. 24 համայնքներում ընդհանուր 10 կիլոմետր ճանապարհահատվածի ասֆալտապատում, 7 համայնքում լուսավորության ցանցի կառուցում, 4 համայնքում ջրագծերի կառուցում և վերակառուցում, 5 համայնքում ոռոգման ցանցերի կառուցում և վերկակառուցում, 3 համայնքում գազաֆիկացում, 7 համայնքում մանկապարտեզի հիմնանորոգում  և նորոգում, 3 համայնքում մշակույթի տների վերանորոգում և կառուցում, 2 համայնքում այգու կառուցում, 3-ական համայնքներում տեխնիկայի ձեռքբերում, հանդիսությունների սրահի կառուցում և սպորտային խաղադաշտի կառուցում»,- նշել է մարզպետը՝  հավելելով, որ ծրագրերի մի մասն արդեն ավարտվել է, իսկ որոշ ծրագրեր կտեղափոխեն 2020 թվական:

Մարզպետն անդրադարձել է նաև գյուղատնտնտեսության ոլորտին՝ նշելով, որ 2019-ին խաղողի մթերման ծավալները գրեթե կրկնակի ավելացել են: 18 ընկերություններում մթերումը կազմում է մոտ 110 հազար տոննա՝ 2018-ի 62 հազար տոննայի դիմաց. «Եթե 2018-ին ունեինք 320 հա ջերմոցային տնտեսություն, 2019-ին դա հասել է 360 հա-ի»:

Խոսելով առողջապահության ոլորտի մասին, մարզպետը նշել է, որ բուժհաստատություններում վճարովի մուտքերը գրեթե եռակի ավելացել են և եթե նախորդ տարի այդ մուտքերը կազմել են 115 միլիոն դրամ, ապա այս տարի արդեն ունեցել են 345 միլիոն դրամի վճարում:

Գարիկ Սարգսյանը անդրադարձել է նաև, մամուլում շրջանառվող այն հրապարակմանը, թե ինքը ծեծել է իրեն արտահերթ չսպասարկող վարսահարդարին:

«Երբ ես տեղեկացել եմ այդ մասին, իմ էջով հերքում եմ տարածել, իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել եմ այդ դեպքի վրա», – ասել է մարզպետը և տեղեկացրել, որ այսօր հայց է ներկայացրել դատարան այն լրատվականի նկատմամբ, որից տարածվել է տեղեկությունը:

«Փոխհատուցում ենք պահանջելու, ու լինելու է հերքման պահանջ», – նշել է մարզպետը և հավելել, որ պահանջում է 2 միլիոն դրամի չափով  փոխհատուցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել