Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 168.am-ի հրապարակմանը, որտեղ նշվում էր, որ իր մազերն արտահերթ հարդարելը մերժելու պատճառով ծեծել է տվել վարսահարդարին։
Նա, մասնավորապես, գրել է.
«Փաստորեն, որոշ լրագրողներ գործում են ֆանտազիայի ժանրում։ Այս անգամ, պարզվում է՝ մազերս չհարդարելու համար ծեծի եմ ենթարկել վարսահարդարին։ Իսկ եթե լուրջ, ապա հայտարարում եմ, որ այս լրատվամիջոցում տեղ գտած տեղեկատվությունը եւ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն են։ Եվս մեկ անգամ տվյալ լրատվամիջոցին եւ իրենցից արտատպած մյուս լրատվականներին հորդորում եմ որեւէ նյութ գրելուց առաջ ճշտել դրա իսկությունը։ Հասկանալի է, որ լուրերը ձեզ համար նոր սենսացիայի առիթ են, բայց այս անգամ թույլ տվեք փչացնել ձեր տոնը։
Այս նյութի կապակցությամբ ցանկանում եմ նաեւ հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը եւ խնդրել, որպեսզի վերջիններս մանրամասն ուսումնասիրեն տվյալ նյութը եւ, եթե դրանում հանցակազմ պարունակող հատկանիշներ կան, ապա թող անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ պարզելու տվյալ «դեպքի հանգամանքները» եւ ինձ մեղսագրվող «հանցանքի» արժանահավատությունը»: