Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները:
Քաղաքացիներն իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար դիմում են դատարան, այս կամ այն հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձին մեղավոր ճանաչելու կամ արդարացնելու հարցը նույնպես լուծում են դատարանները, ֆիզիկական և իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու իրավասությունը նույնպես դատարանինն է…
Իսկ ի՞նչ սկզբունքով են բաշխվում դատարան մուտք եղած քրեական, քաղաքացիական, սնանկության, ընտրական իրավունքի պաշտպանության, վարչական գործերը դատավորների միջև:
Պետք է նշել, որ նախկինում դատարան մուտք եղած գործերը դատավորներին մակագրում էր համապատասխան դատարանի նախագահը:
Սա ուներ ինչպես իր դրական, այնպես էլ բացասական կողմերը:
Քննարկենք դրական կողմերը. այսպես` դատարանի նախագահը, քաջատեղյակ լինելով, թե կոնկրետ այս կամ այն դատավորի վարույթում ինչ բարդության գործեր կան, փորձում էր պահպանել հավասարակշռությունը և նմանատիպ բարդության գործերը բաշխում էր այն դատավորների միջև, ովքեր վարույթում ունեին առավել թեթև գործեր: Նման կերպ, դատավորը հնարավորություն էր ունենում ռացիոնալ կերպով բաշխել իր ժամանակը, ինչը, անկասկած, նպաստում էր արդարադատության առավել արդյունավետ իրականացմանը:
Իսկ ո՞րն էին նշված կարգի բացասական կողմերը:
Բացասականը կայանում էր նրանում, որ դատարանի նախահագը կարող էր իր «ցանկությամբ» այս կամ այն գործը մակագրել այն դատավորին, ում «հարմար» էր գտնում: Նշվածը, անշուշտ, կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում:
Իսկ ինչպե՞ս են այժմ գործերը բաշխվում դատարաններում:
ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի(ԴՆԽ) 2011թ. հուլիսի 21-ի թիվ 11Լ որոշմամբ սահմանվել է այլ կարգ:
Համաձայն այդ որոշման` Երևան քաղաքի առաջին ատյանի դատարաններում քրեական, քաղաքացիական, (սնանկության) և վարչական գործերի, բացառությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխով նախատեսված ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի (ՀՀ վարչական դատարանում նշված ծրագիրը գործում է միայն կենտրոնական նստավայրում), բաշխումները կատարվում են համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով` ըստ ԴՆԽ 10.04.2009թ. թիվ 14Լ որոշմամբ սահմանված մասնագիտացումների, առանց ստույգ հերթականության (անկանոն հերթականությամբ և մինչև երեք գործի տարբերությամբ, ըստ դատավորներին մակագրված գործերի թվի` ավարտվածներով չպայմանավորված):
Սնանկության և անչափահասների վերաբերյալ քրեական գործերը համակարգչային ծրագիրը նույն կարգով բաշխում է միայն համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներին:
Արդարացի գտնվելու համար պետք է նշել, որ այս կարգը ևս անթերի չէ. այն նույնպես ունի բացասական կողմեր, մասնավորապես` համակարգիչը չի կարող «որոշել», թե կոնկրետ գործն ինչ բարդության է:
Չնայած նշված կարգը հնարավորություն է տալիս բացառել մարդկային գործոնն ու շրջանցել կամայականությունները, բայց և այնպես հաճախ է պատահում, որ նույն դատարանում մեկ դատավորի վարույթում լինում են բավականին բարդ գործեր, իսկ մեկ այլ դատավորի վարույթում` միայն միջին բարդության կամ պարզ ընթացակարգով լուծվող գործեր:
Գոհար Կոստանյան