Հայկ Մարությանի որոշումը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված միջոցառումների վերաբերյալ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 13-ին որոշում է ստորագրել, որով հանձնարարել է կազմակերպել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված միջոցառումներ։

Որոշման մեջ մասնավորապես նշված է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ 2019-2020թթ. Ամանորի միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով.

1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետին՝ ապահովել Ամանորի տոնական միջոցառումների՝ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության, 2019թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2020թ. հունվարի 13-ը Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված «Շատրվանների պուրակի» հարակից տարածքում Ամանորյա տոնավաճառի շրջանակում մշակութային միջոցառումների կազմակերպման, 2019թ. դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Ամանորի տոնակատարության և 2020 թվականի հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում մանկական սուրբծննդյան միջոցառումների կազմակերպումը:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետին՝
1) իրականացնել վերահսկողություն գնման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված ընկերության կողմից Երևան քաղաքի մայր տոնածառի և վարչական շրջանների տոնածառերի տեղադրման և ձևավորման աշխատանքների մասով կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ.
2) ապահովել արգելափակոցների տեղադրումը միջոցառումների անցկացման վայրերում՝ երաժշտական կոլեկտիվների, սպասարկող անձնակազմի անվտանգ և անխափան աշխատանքներն իրականացնելու համար:

3. Հանձնարարել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝ ապահովել.
1) վարչական շրջաններում, ըստ հաստատված ծրագրի, նախատեսվող Ամանորի միջոցառումների պատշաճ կազմակերպումը.
2) վարչական շրջաններում տոնածառերի տեղադրման, տոնական ձևավորման աշխատանքները և փողոցների տոնական լուսավորումը՝ ըստ ժամանակացույցի:

4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին՝ ապահովել.
1) Ամանորի միջոցառումների գովազդային հոլովակի պատրաստումը՝ մինչև ս/թ դեկտեմբերի 14-ը.
2)գովազդների հեռարձակումը ԶԼՄ-ների միջոցով, կազմակերպել միջոցառում-ների պատշաճ լուսաբանումը ս/թ դեկտեմբերի 14-ից մինչև 2020թ. հունվարի 4-ը:

5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապա-հության վարչության պետին՝ միջոցառումների ընթացքում ապահովել շտապ բուժօգնության ծառայության հերթապահություն:

6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետին՝
1) ս/թ դեկտեմբերի 18-ից մինչև 2020թ. հունվարի 15-ը ապահովել և վերահսկել միջոցառումների անցկացման վայրերի և բեմահարթակների սանմաքրման աշխատանքների կազմակերպումը.
2)ս/թ դեկտեմբերի 18-ից մինչև 2020թ. հունվարի 14-ը ապահովել Ամանորի միջոցառումների ձայնային և լուսային սարքավորումների ու Ամանորյա տոնավաճառի կրպակների շահագործման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը:

7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝
1)իրականացնել հասարակական տրանսպորտի տոնական ձևավորման աշխատանքները.
2) ապահովել Ամանորի միջոցառումներին մասնակցող գեղարվեստական խմբերի տրանսպորտային սպասարկումը, ինչպես նաև որպես հանդերձարան՝ տրամադրել ավտոբուսներ.
3) ս/թ դեկտեմբերի 31-ի միջոցառման անցկացման նպատակով՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատանքներն իրականացնել մինչև 2020թ. հունվարի 1-ի ժամը 02.00-ն:

8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետին՝ միջոցառումների օրերին կանոնակարգել բացօթյա առևտուրը:

9. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետին՝ համակարգել և վերահսկել Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների կողմից դեպի Հանրապետության հրապարակի կենտրոնական հատված (դեպի գլխավոր տոնածառ) երթևեկությունը չդադարեցնելով, մարդկանց անվտանգ անցումն ապահովելու համար նախատեսված մետաղական կոնստրուկցիաներով ժամանակավոր վերգետնյա անցումի պատրաստման, մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները:

10. Առաջարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ Ամանորի միջոցառումների անցկացման վայրերում ապահովել.
1) գլխավոր տոնածառի, բեմերի, ձայնային, լուսային և այլ սարքավորումների, Ամանորյա տոնավաճառի, Հանրապետության հրապարակի ժամանակավոր տեղադրված կոնստրուկցիաների, վերգետնյա անցումի, շատրվանների դեկորացիաների շուրջօրյա պահպանությունը.
2) հասարակական կարգի պահպանումը և մասնակիցների անվտանգությունը:

11. Առաջարկել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետին՝ Ամանորի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքում և միջոցառումների անցկացման օրերին ապահովել տրանսպորտի երթևեկության դադարեցումը համապատասխան փողոցներում:

12. Առաջարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին՝ միջոցառումների անցկացման վայրերում ապահովել հրշեջ ծառայության հերթապահություն:

13. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների վրա:

14. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել