Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիան) ողջունում և լիովին կիսում է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի կողմից սույն թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված և 12-ին հրապարակված 4-րդ Գնահատման Զեկույցում հնչեցված այն գնահատականները, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մաս կազմող մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացին:
Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ Խորհրդարանն ընդունել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նոր օրենք։ Օրենքը Հանձնաժողովի անդամների նշանակման գործընթացից վերացնում է մրցութային խորհուրդը և ներդնում է ուղղակի առաջադրումների համակարգ (1 թեկնածու առաջադրվում է կառավարության, 1 թեկնածու՝ ԱԺ մեծամասնության, 2 թեկնածու՝ ԱԺ 2 ընդդիմադիր կուսակցությունների, և 1 թեկնածու՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից)։ Այս մոդելի հետ կապված հիմնական մտահոգությունը քաղաքականացման զգալի ռիսկն է (զեկույցում համապատասխանաբար հղում է կատարվում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարությանը)։ Սա հակակոռուպցիոն մարմինների համար կենսական նշանակություն ունեցող դրույթ է, քանի որ քաղաքական միջամտությունից և ազդեցությունից զերծ լինելը՝ նրանց արդյունավետությունն ապահովելու հիմնական սկզբունքն է: Նաև նշվում է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայումս ներկայացված չեն առաջադրման կամ ընտրության գործընթացում: Կառավարությունն ու իշխող խորհրդարանական խմբակցությունը կարող են վերահսկել հանձնաժողովի մեծամասնությանը: Կարծես թե այս հարցի վերաբերյալ Կառավարության կողմից նոր փոփոխություններ են մշակվում, որոնք նախատեսում են Հանձնաժողովի առաջին կազմի ուղղակի առաջադրումներ Խորհրդարանի կողմից, իսկ այնուհետև՝ մրցութային խորհրդի վերականգնում։ ԳՐԵԿՈ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում հավասարակշռված ու կայուն կազմի և թափանցիկ ընթացակարգերի միջոցով ապահովել Հանձնաժողովի անկախությունը: ԳՐԵԿՈ-ն ցանկանում է ընդգծել, որ այս առաջարկություն առավելապես վերաբերում է Հանձնաժողովի ֆունկցիոնալ անկախությանը»։ (Recommendation xviii (86)։
Հարկ ենք համարում նշել, որ նախքան Օրենքի ընդունումը, Կոալիցիան առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում ուշադիր հետևել է ընթացող զարգացումներին, մի քանի անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով, որ Օրենքում նման կարգավորումների նախատեսումը և գործելաոճը չեն բխում միջազգային հանրաճանաչ նորմերից, սկզբունքներից և ստանձնած պարտավորություններից, ներառյալ հակակոռուպցիոն անկախ մարմինների ձևավորման վերաբերյալ Ջակարտայի հանրաճանաչ սկզբունքներից, չեն արտացոլում թավշյա հեղափոխությամբ որդեգրված ժողովրդավարության և մասնակցային կառավարման արժեքները, չեն արտացոլում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետի արտահայտած հրապարակային դիրքորոշումներին՝ օրենքը որակելով որպես իշխանությունների կողմից մինչ օրս առաջարկված ամենաիշխանամետ նախագիծ և մեկ քայլ հետ (տես հետևյալ հղումներով՝ https://armla.am/44019.html, https://armla.am/43693.html): Ավելին, 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Կոալիցիան դիմում էր ներկայացրել ՀՀ նախագահին՝ ՀՀ ԱԺ-ի կողմից 13.09.2019թ.-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված Օրենքը չստորագրելու մասին (դիմումին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://armla.am/45040.html)
Կոալիցիան այդ զարգացումների մասին պարբերաբար տեղեկացրել է նաև միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԳՐԵԿՈ-ին, որն էլ մանրամասն ուսումնասիրելով Կոալիցիայի կողմից ներկայացված մտահոգությունները, դրանք ներառել է Զեկույցում:
Հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշելու, որ Կոալիցիայի համար առաջնահերթություն է ինքնիշխան ու հայակենտրոն լինելը, և, որ Կոալիցիան շարունակելու է ներդնել իր ջանքերը նպաստելու երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը Հայաստանում»: