Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կառավարության հավանությանը կներկայացնի «Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու և գույք հանձնելու մասին նախագիծը:
Նախատեսվում է պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ ՀՀ սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի, գ. Գեղաքար գյուղի 1-ին փողոցի N3 հասցեում գտնվող դպրոցի շենքը 1 միլիոն 147 հազար 298 դրամ սկզբնական արժեքով ու 9 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.2 հեկտար մակերեսով հողատարածքը , հետ վերցնել Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
Առաջարկվում է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղիհիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել և այն միացնել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ.Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերոնշյալ ՊՈԱԿ-ների միացման արդյունքում ապահովել դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը՝ տնտեսելով տարեկան շուրջ 15.4 միլիոն դրամ: