Աշխատողներին առաջարկում են 4-6% առողջության հարկ վճարել՝ համապարփակ ապահովագրություն ներդնելու համար. նախագիծ

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է սահմանել առողջապահության հարկ։

Նախագծի հեղինակները նշում են, որ առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով զգալի բացասական ազդեցություն չի ունենա աշխատողների եկամուտների վրա:

«Առողջության հարկի հաշվարկման սկզբունքները հիմնված են գործող հարկային քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա։ Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: Առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա»,-ասվում է նախագծում:

Այս հայեցակարգի մշակումը պայմանավորված է բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: Նախագիծն առաջարկում է ներդնել 2022 թվականից:

Նշվում է, որ ֆինանսական պատճառներով բնակչության շուրջ 20.1%-ը չի հաճախում առողջության առաջնային պահպանման բժշկի, իսկ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն:

Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել