Արամի 72-80 շենքների բնակիչները պահանջում են գրավոր որոշում (Տեսանյութ)

Արամի 72-80 շենքում բնակարան ձեռք բերելու գործընթացից տուժած բնակիչներն այսօր Ֆիննախում սպասում էին Մինչգերատեսչական հանձնաժողովի նիստի ավարտին: Բնակիչների պահանջը մեկն է` ուզում են գրավոր որոշում այն մասին, որ պետությունը զբաղվում է այդ հարցով: Գործը գտնվում է Ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանի ուշադրության կենտրոնում և նրանից էլ այսօր պատասխանի էին սպասում, սակայն ապարդյուն: Նիստն ավարտվեց, պատասխան չեղավ:

 

Բնակիչներից մեկը`Սոնա Մաղաքյանը, Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք այլևս բանավոր ասված խոսքերին չեն հավատում, պահանջում են գրավոր որոշում:

 

Երևան քաղաքի Արամի, Եկմալյանի, Բյուզանդի տուժած բնակիչները կրկին պատմում են իրենց անշարժ գույքի առք ու վաճառքից հետ առաջացած խնդիրն ու կրկին բորբոքվում:

 

«Տուն ենք գնել, մի տունը 10 հոգու ծախած ա: Փողերը գնացել ա աթոռավոր գողերի գրպանը: Լափել են: Հիմա ասում ենք ո˚վ ա գողացել` չգիտեն, ո˚նց ա գողացել` չգիտեն: Ընթացքում հազար անգամ հաղորդում ա տրվել, որ ընդեղ գողություն ա գնում, ձեն չեն հանել, շենքը դարձել ա քաղմաս. ոստիկանության բոլոր պաշտոնյաները, տեսել են այնտեղ կաշայա, եկել են ամեն մեկը 10 հատ տուն են վերցրել»,- բարկությամբ ասում է Սոնա Մաղաքյանը:

 

Նրա խոսքով` հիմա Կառավարությունը ասում է, որ իրենց կիսակառույց շենքեր են հատկացնելու քաղաքի այլ մասերում: Դրան էլ են համաձայն, միայն թե իրենց գրավոր ապացույց է հարկավոր, որ խնդիրն աչկաթող չեն արել:

 

«Ինչ անեմ` կրակեմ, որ ճար չլինի, կարամ կրակեմ, բա հիվանդիս ո˚վ պահի: Երբ որ պետք էր, կռիվ էր, պատի ծակերում էին այս աթոռավորները: Կանայք են կռվել, իմ քույրն ա կռվել: …Արտասահմանից 35 տարեկան տղա եկավ, տեսավ թե իր առած տան հետ ինչ ա կատարվում, ինֆակտ խփեց մահացավ, հետո էլ ասում են արի տուն, բա իրա որբերին հիմա ո˚վ ա պահելու: Չտես գյորմամիշի պես են լափում, լափել էլ կա, լափել էլ,- դժգոհում է Սոնա Մաղաքյանն ու հավելում,- 20 անգամ գրել եմ Ազգային անվտանգություն ու Կառավարություն, որ քրեական օրենսգրքում գոյություն ունի հոդված, որ բնակչության առանձնապես լայն զանգվածներին թալանելով, խոշոր գումարներ վաստակելով, պետությանը սոցիալական անկայունության հասցնելը պետական դավաճանություն է»:

 

Տեղեկացնենք, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրվում են երկու անձ` Գագիկ Պապոյանն ու Սիմոն Աղազարյանը: Գործն այս պահին քննվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

 

Բնակիչների խոսքով` գործով 450 տուժող կա: Նրանցից կեսն անգամ դատարան չի ներկայանում: Ամեն անգամ դատական նիստը հետաձգվում է մի պատճառաբանությամբ:

 

«Մուկն ու կատու են խաղում` երկու հատ խիարի չիր են դրել ընդեղ, դատում են, բա գողերին ինչի˚ չեն դատվում»,- ասում է տուժած բնակիչ Սոնա Մաղաքյանը:

 

Նունե Հովսեփյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել