Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգի ներդրման ընթացքն ու առկա խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Մակար Ղամբարյանը, սննդի մատակարարման նոր կարգում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչները և այլ պատասխանատուներ:
«Ինչպես պայմանավորվել ենք, այսօր ևս պետք է քննարկենք մեր բանակին սննդի մատակարարման նոր կարգի հետ կապված հարցերը: Ինչո՞ւ ենք այսքան հաճախ քննարկում, որովհետև չափազանց կարևորում ենք այս պրոցեսը: Մեզ համար, կառավարության համար այն ունի շատ կարևոր նշանակություն, որպեսզի այս պրոցեսը հնարավորինս սահուն ընթացքով ընթանա և, ի վերջո, կայանա, որովհետև թույլ տվեք ասել, սա, ըստ էության, հեղափոխական նշանակության փոփոխություն է Զինված ուժերում՝ բանակում, և այդ փոփոխությունը, կարծում եմ, էականորեն փոխելու է զինծառայության գրավչությունը և բարելավելու է մեր բանակի իմիջը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:
Բայց հասկանալի է, որ այսպիսի մասշտաբային բարեփոխումները նաև շատ լուրջ և զգույշ ուղեկցման կարիք ունեն, որպեսզի մենք հընթացս մեր մատը զարկերակի վրա պահենք և փոփոխություններին տիրապետենք: Իհարկե, Պաշտպանության նախարարի հետ մեր մշտական քննարկումների օրակարգում է այս հարցը և նաև այսպիսի ֆորմատներով քննարկումները չափազանց կարևոր են, որպեսզի մենք պրոցեսը բնականոն հունով տանենք առաջ և կարողանանք մաքսիմալ տեղավորվել այն ժամանակացույցի մեջ, որն ի սկզբանե մենք մեր առաջ դրել ենք և ձևակերպել»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետ Փաշինյանը:
Այնուհետև Պաշտպանության նախարարը զեկուցել է սննդի մատակարարման նոր կարգի հետ կապված առկա վիճակը՝ նշելով, որ այն արդեն իսկ ներդրվել է մոտ երեք տասնյակ զորամասերում: Սննդի մատակարարման պիլոտային ծրագրի գործընթացում ներկայումս ներգրավված են մասնավոր 4 կազմակերպություններ, որոնց թիվը հաջորդ տարի շարունակելու է ավելանալ: Նախարարն ընդգծել է, որ ծրագրի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք և անդրադարձել պիլոտային ծրագրի ընթացքին, մատուցվող ծառայությունների հետ կապված առկա խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին և հնարավորություններին:
Վարչապետը կարևորել է գործընթացի թափանցիկ կազմակերպումը և որակյալ սննդի մատակարարումը Զինված ուժերին՝ ընդգծելով, որ պետք է բացառել որևէ չարաշահում. դրանց առկայության դեպքում մոտեցումը լինելու է չափազանց խիստ: «Սա նախադեպը չունեցող գործընթաց է, հաշվի առնելով նաև այս ծրագրի սոցիալական բաղադրիչը՝ մեր վերաբերմունքը գործընթացին պետք է լինի առավելագույնը թափանցիկ: Մենք այս ծրագիրը համարում ենք առաջնահերթություն և պետք է մինչև վերջ լինենք ծայրահեղ ազնիվ՝ զինծառայողներին որակյալ սննդով ապահովելու խնդիրը լուծելու մեջ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հանձնարարել է հետևողականորեն աշխատել առկա խնդիրների լուծման և սահմանված ժամկետներում ծրագիրն ամբողջական ու լիարժեք ներդնելու ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում