Ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունից էլ հայտնել էին, որ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում: Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորություններն էլ ժամանակավորապես դադարեցվել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ, լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ոստիկանության բաժանմունքներից մեկում: