ՀՀ գլխավոր դատախազի 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 82 հրամանով լրամշակվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը:
Ըստ սույն հրամանի` կոռուպցիոն հանցագործություն է համարվում նաև իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով: Այս հանցագործությունն ուղղված է զինվորական կարգի դեմ:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի դիսպոզիցիան հետևյալն է` պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):
Սույն հանցագործության օբյեկտը օրենքով և այլ նորմատիվ ակտերով սահմանված զինվորական պետերի, պաշտոնատար անձանց և այլ զինծառայողների միջև առաջացող հարաբերություններն են, որոնք կապված են զինվորական ծառայության հետ: Քննարկվող հանցագործությունը թեև նման է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններին, մասնավորապես` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը, որոնք ևս կոռուպցիոն հանցագործություններ են, սակայն էապես տարբերվում է դրանցից` յուրահատուկ օբյեկտով և սուբյեկտով:
Սույն հնցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է հետևյալ արարքների կատարմամբ`
1. Իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը,
2. Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը,
3. Իշխանության անգործությունը:
Փաստորեն հոդվածում նկարագրված են երեք ինքնուրույն հանցակազմեր: Սուբյեկտիվ կողմից սույն հանցագործությունը բնութագրվում է դիտավորությամբ, իսկ սուբյեկտ կարող է հանդիսանալ միայն պետը կամ զինվորական պաշտոնատար անձը:
Աղբյուրը` Իրավաբան.net