Ոստիկանության պարզաբանումը՝ հակագազով և մահակով ցուցմունք կորզելու տեսանյութի վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության, մասնավորապես քրեական հետախուզության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ:

Հիշյալ տեսանյութին առնչվող հրապարակումների ու վարկածների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությամբ անմիջապես ստուգումներ են սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում: Բացի այդ, քննություն է իրականացվում նաև ՀՔԾ-ում: Քննությունների վերաբերյալ հանրությանը պատշաճ տեղեկատվություն կտրամադրվի:

Չնայած դրան, որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, չսպասելով քննության արդյունքների հրապարակմանը, սեփական սիրողական մակարդակի վերլուծությամբ փորձում են առնչություն գտնել տեսանյութի անձանց և ոստիկանության ներկայիս ղեկավարության միջև՝ իբր փաստարկ բերելով ոստիկանության պետի պաշտոնակատարի՝ իրենց կողմից նշված տարեթվին քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ծառայած լինելու հանգամանքը և նշված արարքը քրեական հետախույզների կողմից կատարելը:

Այս մակերեսային վերլուծությունը ոստիկանության կառուցվածքի ու գործունեության մասին տարրական պատկերացումների և մասնագիտական գիտելիքների բացակայության հետևանք է: Քրեական հետախուզություն ծառայությունում աշխատում են բազմաթիվ ծառայողներ, որոնց գերակշիռ մասը` ոստիկանության մարզային վարչություններում ու տարածքային բաժիններում: Տեղեկատվության կարգով նշենք, որ քրեական հետախուզության գլխավոր վարչությունն իրականացնում է այդ աշխատանքը համակարգելու գործառույթ: Հետևապես հիշյալ վարչության ղեկավարությունն ու անձնակազմը գործնականում չի կարող տեղեկացված լինել տարածքային մարմինների և հատկապես բոլոր աշխատասենյակներում տեղի ունեցող ամենօրյա գործունեությունից»:

https://www.facebook.com/Iravabannet/videos/419736732304356/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել