Կառավարությունը այսօր՝ նոյեմբերի 21-ին, կքննարկի «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծը:
Նախատեսվում է, որ ներման խնդրագիրը չի քննարկվի և կվերադարձվի այն ներկայացնող անձին, եթե վերջինս ներման խնդրագիր ներկայացնելուց հետո պատժի կրումից ազատվել է պայմանական վաղաժամկետ, համաներման կամ պատժից ազատելու օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում նախարարությունը մինչև հանձնաժողովի նիստի կայանալը կծանուցի տուժողին կամ նրա իրավահաջորդին: Տուժողը կամ նրա իրավահաջորդը նախարարության ծանուցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում կարող է գրավոր կարծիք ներկայացնել նախարարություն՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ: Նշված ժամկետում կարծիք չներկայացնելը արգելք չէ ներման խնդրագիրը Հանձնաժողովի նիստում քննարկելու համար: