Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայ համայնքի ներկայացուցիչը, ով ներկայացավ որպես գիտնական, հայտարարեց հետևյալը․ «Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք: Դա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար: Այս քաղաքականությունը, որ վարում եք հիմա, տանում է Արցախը և Հայաստանը կործանման: Որպես Հայաստանի քաղաքացի` ես ծայրահեղ մտահոգված եմ նոր իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությամբ` ատելության քարոզ, բոլոր պետական ինստիտուտների կազմաքանդում, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի: Ես համարում եմ, որ այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է: Դա կործանման ճանապարհ է»,-հայտարարեց նա:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց կնոջ դիտարկմանը։
«Անընդհատ ասում եք ատելության քարոզ: Իսկ ո՞վ և որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը։ Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն: Ընդհակառակը` մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն»,-նշեց Փաշինյանը։
«Իտալիայում այսօր թաքնված են բոլոր ամենահայտնի կոռուպցիոներները, և որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է, Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ՝ Վատիկանի որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք, հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները, և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին։ Բայց մենք քարոզում ենք սեր», – հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Մանրամանսերը՝ տեսանյութում