Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում։
Փոխխոսնակն առաջարկում է յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 02.00-ին ժամացույցի սլաքը տանել առաջ մեկ ժամով, իսկ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 03.00-ին` մեկ ժամով բերել հետ:
Հիմնավորման մեջ նշված է, որ ամառային ժամանակի անցումը, երբ ժամացույցի սլաքներն առաջ են բերվում մարտ ամսվա վերջին կիրակի օրը, և հետ բերվում հոկտեմբերի ամսվա վերջին կիրակի օրը, ընդունված փորձառություն է աշխարհի բազմաթիվ երկրներում: Ամառային ժամանակի անցումը հնարավորություն է տալիս առավել շատ օգտվել բնական լույսավորությունից։ Ներկայումս աշխարհի երկրների 40%-ից ավելին օգտագործում է ամառային ժամանակի անցումը, այսպես կոչված՝ Daylight Saving Time-ը։ Այս մոտեցումը կիրառվում է ավելի քան 100 տարի:
«Ամառային ժամանակի անցման հիմնական ազդեցությունը, ենթադրվում է, էներգախնայողությունն է, և պատահական չէ, որ 2-րդ համաշխարհային պատերազմի և արաբական նավթային ճգնաժամի տարիների այն լայն տարածում գտավ, սակայն էներգախնայողությունը մեծապես կախված է տվյալ երկրի աշխարհագրական դիրքից։ Կան երկրներ, որոնց համար ամառային ժամանակի անցումը հնարավորություն է տալիս առավել երկար ժամանակ օգտվել բնական լույսավորությունից։ Նման երկրներից է նաև Հայաստանի Հանրապետությունը:
Ապացուցված է, որ ամառային ժամանակի անցումը, բացի էներգախնայողությունից, դրական ազդեցություն ունի այլ ոլորտների վրա։ Մի շարք գիտական հետազոտություններ վկայում են, որ ամառային ժամանակի անցումը փոխկապակցված է ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ՝ ՃՏՊ) և բնակարանային գողությունների համեմատական նվազեցման հետ։ ՃՏՊ-ի վիճակագրության վրա ազդեցությունը բացատրվում է նրանով, որ փողոցները երկար ժամանակ են բնական լույսով լուսավորված լինում, դա էլ խթանում է, որ նվազեն նման պատահարները։
Էներգախնայողության և անվտանգության որոշակի բարելավմանը զուգահեռ՝ ամառային ժամանակի անցումն ունի դրական ազդեցություն տուրիզմի զարգացման վրա. ըստ մասնագետների, օրվա մեջ երկար բնական լուսավորությունը թույլ է տալիս զբոսաշրջիկներին մեծացնելու իրենց ճանաչողական հնարավորությունները։
Ամառային ժամանակի անցման վերաբերյալ մի պատկառելի գիտական հոդվածում համապարփակ վերլուծությունների արդյունքում տրվում է գնահատական, ըստ որի՝ որքան երկրները հեռու են հասարակածից, այնքան մեծ է էներգախնայողությունը оրական խնայողություններն առնվազն կարող են լինել՝ 0,34%):
Այսպիսով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բնական լուսավորության տևողությունը ամռան ընթացքում, տուրիզմի զարգացման բարենպաստ հնարավոր դրական ազդեցությունը, ճանապարհատրանսպորտային պատահարների և հանցագործությունների նվազման հավանականությունը, էներգախնայողությունը հիմնավոր ենք համարում ՀՀ-ում ժամանակի հաշվարկման կարգի անցումն ամառային ժամանակի»,-նշված է հիմնավորման մեջ։