ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է Արմավիրի մարզի 27-ամյա բնակչին առևանգելու դեպքի հանգամանքները: Երկու անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզի 27-ամյա բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել իրեն առևանգելու և ծեծի ենթակելու մասին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ խուզարկություններ, առերեսումներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, պարզվել միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Պարզվել է 27-ամյա երիտասարդին առևանգելու մասնակից անձանց շրջանակը: Նրանցից երկուսը եղբայրներ են ՝ 39 և 43-ամյա, ովքեր իրենց 37-ամյա ընկերոջ միջոցով, 27-ամյա երիտասարդին տանից կանչել են դուրս, ապա երիտասարդի կողմից վաճառվող մեքենան գնելու պատրվակով, նրա հետ ուղևորվել են մեքենայի տեխնիկական վիճակը ստուգող անձի մոտ, սակայն ճանապարհին երիտասարդին դուրս են բերել ավտոմեքենայից և նստեցնելով մեկ ուրիշ ավտոմեքենա՝ տարել են մոտակա գյուղի դաշտեր, որտեղ ճանապարհին նրանց միացած երկու ընկերների հետ ծեծել են վերջինիս:
Քրեական գործի շրջանակներում եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 118-րդ հոդվածի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Եվ մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպի մասնակիցների գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: