Դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:
Այն որոշումները, որոնք քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում ենթակա են բողոքարկման, կայացվում են առանձին ակտի ձևով:
Առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.
2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).
3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.
4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) եզրահանգումը քննարկվող հարցով.
6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:
Դատական քննության ընթացքում լուծում պահանջող հարցերով կայացված այն որոշումները, որոնք ենթակա չեն բողոքարկման, կայացվում են առանց առանձին ակտի ձևով այն ձևակերպելու: Այդ որոշումը հրապարակվում է բանավոր և ներառվում դատական նիստի արձանագրության մեջ:
Դատավարության ընթացքում դատարանի` առանձին ակտի տեսքով չձևակերպված որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
Դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում:
Աղբյուրը` Իրավաբան.net