Առաջարկվում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու տարիքային ցենզը նվազեցնել

Ազգային Ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը առաջարկում է «Հանրային ծառայության մասին» օրենքում  փոփոխություն կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ  հայեցողական պաշտոնի խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող և այսուհետ 25 տարին լրացած անձինք:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված՝ 30 տարին լրացած լինելու պահանջը չափազանց բարձր տարիքային շեմ է նմանատիպ պաշտոնների համար և ընդունումը բխում է հանրային ծառայության բնագավառում խորհրդականի պաշտոն զբաղեցնելու տարիքային ցենզի նվազեցման միջոցով այս հայեցողական պաշտոնն առավել լայն շրջանակի արհեստավարժ անձանց համար հասանելի դարձնելու և նրանց ներուժը պետական կառավարման տարբեր ոլորտներում արդյունավետորեն օգտագործելու անհրաժեշտությունից:

Ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքը (մասնավորապես՝ 8-րդ հոդվածի 3-րդ մասը) սահմանում է հանրային ծառայության ոլորտում խորհրդականների հետևյալ պաշտոնները.

1) Հանրապետության Նախագահի խորհրդական,

2) Ազգային ժողովի նախագահի խորհրդական,

3) Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական,

4) վարչապետի գլխավոր խորհրդական,

5) վարչապետի խորհրդական,

6) փոխվարչապետի խորհրդական,

7) Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական,

8) նախարարի խորհրդական,

9) Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի խորհրդական,

10) վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի խորհրդական,

11) անկախ պետական մարմնի նախագահի խորհրդական,

12) ինքնավար պետական մարմնի նախագահի խորհրդական,

13) Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,

14) գլխավոր դատախազի խորհրդական,

15) Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական

16) մարզպետի խորհրդական,

17) համայնքի ղեկավարի խորհրդական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել