Հանրային միջոցների առավել արդյունավետ և արդարացի բաշխում, թերկոմպլեկտավորված հանրակրթական դպրոցների բավարար ֆինանսավորում ապահովելու, ինչպես նաև ուսուցիչների վարձատրության հստակ քաղաքականության իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ հանրակրթական դպրոցների ֆինանսավորման չափը որոշվում է հաստատված բանաձևով և ՀՀ ֆինանսների և ՀՀ կրթության և գիտության նախարարների համատեղ հրամաններով հաստատվող բանաձևի գործակիցներով: Բանաձևում առանցքային փոփոխականը դպրոցում սովորող երեխաների թիվն է:
«Սա նպատակ է ունեցել խթանել դպրոցների միջև մրցակցությունը, սակայն հաշվի չի առնվել այն, որ դպրոցների մի մասը միակն է բնակավայրում, և սովորողների թիվը պայմանավորված է հենց դպրոցի սպասարկման տարածքի բնակիչների թվով, ու նրանք մրցակցությունից դուրս են: Այս պարագայում փոքր թվով սովորողներ ունեցող դպրոցներին հատկացվող գումարը նրանց չի բավարարում և վերաբաշխման անհրաժեշտություն է առաջանում: Սա տարիներ շարունակ արել են մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը: Այսինքն, խոշոր դպրոցների փողից վերցրել և հատկացրել են փոքր դպրոցներին»,- նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Ներկայիս բանաձևը չի ապահովում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորում: Որոշմամբ առաջարկվում է թերկոմպլեկտավորված դպրոցների ֆինանսավորման բանաձևում նախատեսել նաև նոր փոփոխական՝ դասարանների թիվը: Այս մոտեցումը թույլ կտա փոքր թերկոմպլեկտավորված դպրոցին հատկացնել բավարար գումար՝ դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը հոգալու համար: Արդյունքում կվերացվի նաև մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը և կսահմանվի պետական մակարդակով ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը:
Արայիկ Հարությունյանի տեղեկացրել է, որ սահմանվել է ուսուցչի մեկ դրույքի նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրամ, սակայն այն կարող է հասնել մինչեւ 125 հազարի: Նախարարի խոսքով՝ եթե ամեն տարի ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով ավելանա, ապա 4 տարի հետո այն կհասնի մեկ շնչի հաշվով ՀՆԱ մակարդակին՝ տարեկան կտրվածքով: Նվազագույն աշխատավարձ ներդնելով՝ գործնականում Երևանում ու հեռավոր գյուղում գործող դպրոցների ուսուցիչները նվազագույն մեկ դրույքի համար նույն աշխատավարձն են ստանալու:
Անդրադառնալով որոշ դպրոցների գերծանրաբեռնվածության հարցին՝ նախարարը նշել է, որ դպրոցներում էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման շնորհիվ դրանց թիվը կրճատվել է մոտ 50, իսկ թերբեռնվածների թիվը՝ 60 տոկոսով: Նոր համակարգի շնորհիվ դպրոցն իր լիցենզիայից ավելի չի կարողանում աշակերտ ընդունել: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս դրական փորձը տարածվելու է նաև Հայաստանի մյուս քաղաքների ու համայնքների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում