Տավուշի մարզում բացահայտվել են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր չափերի հափշտակության դեպքեր

Տավուշի մարզում շարունակվում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ
տարվող ակտիվ աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում են դատախազության հանրային կապերի բաժնից:

Այդ շրջանակներում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր չափերի հափշտակության դեպքեր են հայտնաբերվել մարզի Արծվաբերդ համայնքում: Մասնավորապես, ստացված օպերատիվ տվյալների իրացմամբ և Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արծվաբերդ համայնքի նախկին ղեկավար Կ. Շ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2016թ. դեկտեմբերին և 2017թ. մարտին ընդունած 4 որոշումների մեջ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել նույն համայնքի 4 բնակիչների կողմից դրամական օգնություններ ստանալու դիմում ներկայացվելու մասին, դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից նրանց անվամբ գումարներ ելքագրել, որոնք վատնման եղանակով հափշտակվել են:

Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նախկին համայնքապետի կողմից 2017թ. հունիսի 5-ի կարգադրության համաձայն համայնքի բյուջեից 999.000 դրամ է հատկացվել փոքր երկաթյա աղբարկղեր ձեռք բերելու և համայնքում տեղաբաշխելու համար, սակայն պարզվել է, որ համայնքի տարածքում տեղադրվել է ընդհանուր 273.600 դրամ արժեքով ընդամենը 38 հատ մետաղյա փոքր աղբարկղ, իսկ մնացած խոշոր չափերի գումարը՝ 725.000 դրամը, յուրացվել է:

Պարզվել է նաև, որ 2017թ. ընթացքում համայնքի տարածքում, համայնքին պատկանող կոմբայնով 70հ ցորենի դաշտերը հնձելու համար նա բնակիչներից կանխիկ վերցված 1.9մլն ՀՀ դրամ գումարից որպես աշխատավարձ, դիզվառելիքի և այլ ծախսերի համար վճարել է ընդհանուր 1.2մլն դրամ, իսկ մնացած խոշոր չափերով գումարը համայնքապետարանի բյուջե չի մուտքագրել և յուրացրել է:

Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել նաև, որ համայնքի նախկին ղեկավարը 2017թ. հոկտեմբերին մի Ա/Ձ-ին Արծվաբերդի գյուղապետարանի հաշվից փոխանցել է զգալի չափերով 500.000 ՀՀ դրամ, որպես գյուղապետարանի ծառայողական ավտոմեքենայի շարժիչ գնելու ծախս: Այդ գումարով ձեռք է բերվել «Տոյոտա Լանդ Կռաուզեր» մակնիշի ավտոմեքենայի շարժիչ այն պայմաններում, երբ համայնքապետարանը նման մակնիշի ծառայողական ավտոմեքենա չի ունեցել: Իսկ գնված շարժիչը տեղադրվել է համայնքի նախկին ղեկավարի անձնական օգտագործման «Տոյոտա Լանդ Կռաուզեր» մակնիշի ավտոմեքենայի վրա և օգտագործվել անձնական կարիքների համար:

ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում նշված դեպքերի առթիվ հարուցվել է 4 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /2 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասի /2 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի քննչական վարչությանը, քրեական
գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:

Առերևույթ կոռուպցոն հանցագործության դեպք է պարզվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սևքարի անտառտնտեսությունում: Մասնավորապես ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմամբ և նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված մասնաճյուղի համապատասխան պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2013-2017թթ. որպես սեզոնային բանվորներ գրանցել են Սևքար գյուղի երկու բնակիչների: Սակայն վերջիններս աշխատանքի չեն ներկայացել, աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց անվամբ դուրս գրված շուրջ 6.2մլն ՀՀ դրամ աշխատավարձի գումարը յուրացվել է:

Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով
հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ևս հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային
քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել