Ո՞ր դեպքերում է ներմուծվող ապրանքի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորումը կատարվում ՀՀ տարածքում

Որպես կանոն, ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ներմուծվող ապրանքների դրոշմավորումը կատարվում է նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը, բացառությամբ վերադրոշմավորման կամ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորման դեպքերի:

 

«Բացառություն են կազմում նաև սիգարները կամ մինչև 25 000 շիշ ալկոհոլային խմիչքները, որոնց դրոշմավորումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում` մինչև մաքսային ձևակերպումների իրականացումը` մաքսային հսկողության ներքո»,- Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Վերջինիս խոսքով` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրոշմավորման համար պատասխանատու է ներմուծողը:

 

Իսկ ի՞նչ կարգով է ներմուծողը ձեռք բերում ակցիզային դրոշմանիշերը:

 

Ակցիզային դրոշմանիշերը կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

 

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.

 

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար.

 

բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը և ներմուծումը.

 

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվություն` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին:

 

«Վերադաս մաքսային մարմինն ուսումնասիրում է ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու մասին դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և 5-օրյա ժամկետում ընդունում է որոշում ակցիզային դրոշմանիշեր տրամադրելու մասին: Ակցիզային դրոշմանիշերը ներմուծողին տրամադրվում են հատկացվող դրոշմանիշերի թվին համապատասխան` ներմուծողի կողմից վճարած գումարի վճարումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում, մեկօրյա ժամկետում»,-նշում է իրավաբանը:

 

Ակցիզային դրոշմանիշերը ներմուծողին տրամադրվում են 90-օրյա ժամկետով: Վերադաս մաքսային մարմինը մինչև 90-օրյա ժամկետի ավարտն օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի չկատարման կամ մասնակի կատարման դեպքում ներմուծողի դիմումի հիման վրա երկարաձգում է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման ժամկետը` դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 90 օր:

 

Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար դիմումը մերժվում է, եթե ներմուծողը թերի է ներկայացրել օրենքով նախատեսված փաստաթղթերը, կամ նրա մոտ կան դրոշմանիշեր, որոնց օգտագործման մասին հաշվետվությունը սահմանված ժամկետում չի ներկայացվել վերադաս մաքսային մարմին, կամ կան դրոշմանիշեր, որոնց վերադարձման ժամկետը լրացել է, և չի իրականացվել օրենքով սահմանված պարտադիր վճարների կատարումը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել