Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը՝ աշխատելու դեպքում նպաստների վճարումը չդադարեցնելու մասին

«Մենք շարունակաբար կատարում ենք փոփոխություններ, որոնք նպաստելու են Հայաստանում աղքատության փուլային հաղթահարմանը, կառավարության մոտեցումն այս հարցում հետևյալն է՝ սոցիալապես դժվար իրավիճակում հայտնված քաղաքացիներին պետության աջակցությունը պետք է լինի ոչ թե նպաստի տրամադրումը, որը էապես չի փոխում ընտանիքի, անհատի կյանքի որակը, ինչպես նաև հաճախ մղում է որոշակի պասիվության, այլ աշխատանքի խրախուսումը, պայմանների ստեղծումը, որոնք այդ մարդկանց համար կայուն եկամտի աղբյուր կապահովեն, և քաղաքացիներն ինքնուրույն կկարողանան հաղթահարել սոցիալական դժվարությունները», – Արարատի մարզում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախարարի տեղակալը քննարկման մասնակիցներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից ընդունված երեք կարևոր որոշում, որոնք ազդեցություն են ունենալու նպաստառու քաղաքացիների կյանքի վրա:

Որոշումներից մեկի համաձայն՝ գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները՝ գործատուի կողմից տրված տեղեկանքի և սեզոնային աշխատանքային պայմանագրի պատճենի հիման վրա ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չեն մտնում:

Այս որոշմամբ սահմանվում է, որ գյուղատնտեսական սեզոնային աշխատանք կատարող նպաստառուները չեն դադարի նպաստ ստանալ:

Գյուղատնտեսական սեզոնային աշխատանք են համարվում՝  նախացանքային աշխատանքները,  գարնան գյուղատնտեսական աշխատանքները,  բերքահավաքի, ինչպես նաև հետբերքահավաքի աշխատանքները:

Գործատուն քաղաքացու հետ պետք է կնքի սեզոնային աշխատանքի պայմանագիր՝ խուսափելու համար թյուրիմացություններից:

«Նախկինում, երբ աշխատանք չունեցող նպաստառուներին տեղեկացնում էինք աշխատատեղերի մասին, մտահոգություն էին հայտնում, որ այդ դեպքում կզրկվեն ընտանեկան կամ սոցիալական նպաստից: Այժմ մենք ոչ թե պատժելու ենք մարդկանց աշխատելու ցանկությունը՝ դադարեցնելով նպաստների վճարումը, այլ խրախուսելու ենք աշխատանքը՝ նպաստների վճարման համակարգում սեզոնային զբաղվածությունը չհամարելով եկամտի աղբյուր»,- ասել է փոխնախարարը:

Այս որոշումը մեկնաբանելիս՝   Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ նախատեսվում է այս ցանկին ապագայում ավելացնել ոչ գյուղատնտեսական սեզոնային աշխատանքները ևս:

Նպաստի գնահատման համակարգում կարող են ընդգրկվել նաև այն ընտանիքները, որոնք չունեն որոշակի բնակության վայր և ընտանիքի բոլոր անդամները հաշվառված չեն բնակչության պետական ռեգիստրում: Այս դեպքում ընտանիքը գնահատման համակարգում հաշվառվում է տարածքային կենտրոնի հասցեով:

Այս փոփոխությունը հնարավորություն կտա պետական սոցիալական աջակցությունից օգտվել այն անձանց, ովքեր տարբեր պատճառներով չունեն որոշակի բնակության վայր կամ  հաճախ փոխում են այն:

Ընտանիքի բնակության վայրը փոխվելու դեպքում, դիմումի համաձայն, նոր բնակության վայրի տարածքային կենտրոնը մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի միջոցով դիմողի հին բնակության վայրի տարածքային կենտրոն է ուղարկում դիմումի պատճենը, որի հիման վրա հին բնակության վայրի տարածքային կենտրոնը 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրում է տվյալ ընտանիքի ստացած ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության մասին տեղեկանք՝ համաձայն N 8 ձևի: Տվյալ փոփոխությունը կազատի քաղաքացիներին ավելորդ դժվարություններից, անձամբ նախկին բնակության վայր ներկայանալու անհրաժեշտությունից:

Որոշումներից բացի նախարարի տեղակալը ներկայացրել է նաև https://www.e-draft.am/ կայքում տեղադրված նոր նախագծերը, որոնք ևս ուղղված են թեթևացնելու քաղաքացիների սոցիալական բեռը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել