Փաստաբան Վարդան Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրել այն արարքի կատարման համար, որ նա 2011 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 09.30-ից 10.20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Հր.Ներսիսյան փողոցի 10ա հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակում, քաղաքացիական գործի փաստաթղթերն ու վճարված գումարները հետ վերադարձնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել քաղաքացիական գործով իր վստահորդ Ս. Սահրադյանի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով Ս.Սահրադյանի նկատմամբ, ծեծել է նրան` բակի աստիճանների վրա ոտքով դիտավորյալ հարվածել է նրա ձախ ազդրին, ապա աշխատասենյակում բռունցքով դիտավորյալ հարվածել է Ս.Սահրադյանի ճակատին` քթի փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ ազդրի վերին երրորդի հետին մակերեսի` նստատեղի շրջանի արյունազեղման ձևերով պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Վարդան Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) հատկանիշներով:
Դատարանում Վ.Նիկողոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ 2010թ.-ին իրեն է դիմել իր նախկին կոլեգան և խնդրել է օգնել իրենց ծանոթ Ս.Սահրադյանին` Արմավիրի մարզի դատարանում քննվող քաղաքացիական գործով իրավաբանական օգնություն ցույց տալ: Կնքել են փաստաբանական ծառայություն մատուցելու մասին պայմանագիր, պայմանավորվել են վարձավճարի մասին: Վեց ամիս շարունակ Վ.Նիկողոսյանն իրականացրել է նրա շահերի պաշտպանությունը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ուր գնացել է իր ավտոմեքենայով, իր միջոցներով: Գործն ավարտվել է հօգուտ Ս.Սահրադյանի: Գործի ավատից հետո Ս.Սահրադյանն անընդհատ ասել է, որ ինքը ոչինչ չի արել, որ նա իրեն պատրաստի գործ է տվել: Մի Ս.Սահրադյանը իրեն հայտնել է, որ ցանկանում է բողոքարկել վճիռը: Վ.Նիկողոսյանը բացատրել է, որ չեն կարող բողոքարկել դատական ակտը, քանի որ այն կայացվել է իրենց օգտին և իրենց իրավունքները չեն խախտվել: Ս.Սահրադյանը պատասխանել է, որ ցանկանում է վնաս տալ պատասխանողին և պետք է բողոքարկի նշված դատական ակտը:
Դեպքի օրը Վ.Նիկողոսյանը Ս.Սահրադյանին տեսել է պահակի աշխատասենյակում նստած: Ինքը նրան հրավիրել է իր աշխատասենյակ: Ս.Սահրադյանը մտել է աշխատասենյակ և պահանջել, որ վերադարձնի իր գործի նյութերը: Վ.Նիկողոսյանը ցանկացել է գործի միջից հանել պայմանագիրը և փաստաթղթերը վերադարձնել Ս.Սահրադյանին, երբ իր համար շատ անսպասելի Ս.Սահրադյանը հարձակվել է իր վրա: Ինքն անմիջապես աշխատասենյակից դուրս է փախել, քանի որ նա քաշքշում էր իր հագուստը, գոռում էր, որ փողերը հետ տա: Հետո ինքը պահակից իմացել է, որ Ս.Սահրադյանը նրան ասել է. «եկել եմ կռիվ անեմ, փողերս հետ վերցնեմ»: Վ.Նիկողոսյանը թղթապանակը նետել է դեպի սեղանը, սակայն Ս.Սահրադյանը չի գնացել թղթապանակի հետևից, այլ հարձակվել է իր վրա և սկսել քաշքշել իր հագուստը: Ինքը փախել է մի փոքր ավելի հեռու: Ս.Սահրադյանն իր տեսադաշտից կորել է: Հետո, երբ հետ է վերադարձել, տեսել է, որ նա էլի կանգնած է այնտեղ: Շենքի տնօրենը դուրս է եկել և բարկացել, քանի որ շենքում աղմուկ է ստեղծվել: Ինքը մտել է իր աշխատասենյակ, Ս.Սահրադյանը գնացել է իր հետևից: Հենց դռան մոտ ինքը փակել է ճանապարհը, որպեսզի նա չմտնի իր աշխատասենյակ: Ս.Սահրադյանը մոտեցել է իրեն և առանց նրան դիպչելու, իրեն գցել է գետին: Ինքը կարծել է, որ նա ուշաթափվել է: Պահակը մոտեցել է, ջուր են բերել լցրել դեմքին, որ ուշքի գա: Նա բացել է աչքերը և նորից սկսել է գոռալ. «փողերս-փողերս»: Ինքը հասկացել է, որ նա միտումնավոր է անում: Գնացել և իր աշխատասենյակից զանգահարել է ոստիկանություն: Հայտնել, որ մի կին իրեն անհանգստացնում է, կարգն է խանգարում: Ս.Սահրադյանը լսել է, որ ինքը ոստիկանություն է կանչել: Ինքը փորձել է բարձրացնել Ս.Սահրադյանին, բայց նա չի ցանկացել բարձրանալ: 10-15 րոպ սպասել են ոստիկաններին: Վ.Նիկողոսյանը դիմավորել է նրանց և հրավիրել ներս: Այդ պահին Ս.Սահրադյանն արդեն աթոռին նստած է եղել: Երբ ինքը գնացել է ոտիկաններին դիմավորելու, նրա դեմքին արյուն չի եղել: Երբ վերադարձել է ոստիկանների հետ, նրա քթի մոտ տեսել է արյան մի կաթիլ: Թաշկինակը և հեռախոսը ձեռքին նա փորձել է ինչ որ մեկին զանգահարել և տեղեկացնել: Սկսել է գոռգոռալ ոստիկանների վրա, որ շտապօգնություն կանչեն: Ոստիկանները շտապօգնություն են կանչել: Բայց քրեական գործում գրանցվել է, որ շտապօգնությունը կանչվել է Ս.Սահրադյանի ընկերուհու կողմից: Շտապօգնություն կանչելուց, Ս.Սահրադյանի հետ զրուցելուց հետո, ոստիկանները ներս են մտել և հարցրել, թե ինչ է տեղի ունեցել: Ինքը բացատրել է, թե ինչու է նրանց հրավիրել և ոստիկանների պահանջով բացատրություն է գրել: Պահակապետը և պահակը նույնպես բացատրություններ են գրել: Այդ պահին Ս.Սահրադյանին արդեն շտապօգնությունը տարել էր: Մինչև շտապօգնության մեքենան Ս.Սահրադյանը գնացել է իր ոտքով: Հետո տեղեկացել է, որ հետաքննիչը գնացել Ս.Սահրադյանից բացատրություն է վերցրել, քանի որ նա հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել: Այնուհետև, մի քանի ամիս անց, իր հարևաներից իմացել է, որ նա գնացել է և իր բնակարանի տեղն է ճշտել, հետապնդել է իրեն: Ս.Սահրադյանին ոչ ոք չի հարվածել, ոչ ինքը, ոչ էլ` այլ անձ:
Տուժող Ս.Սահրադյանը դատարանում տրված ցուցմունքի համաձյան՝ 2011թ. փետրվարի 16-ին փաստաբանական ծառայություն մատուցելու մասին պայմանագիր է կնքել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վարդան Նիկողոսյանի հետ` Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարաններում քաղաքացիական գործով նրա շահերը ներկայացնելու համար: Վ.Նիկողոսյանին վճարել է նրա պահանջած գումարները և տվել է գործի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը` մեկ թղթապանակով: 2011թ. հոկտեմբերի 4-ին կայացվել է առաջին ատյանի դատարանի վճիռը` հօգուտ իրեն, որի դեմ վերաքննիչ բողոք է բերվել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում իր շահերը ներկայացնելու համար Վ.Նիկողոսյանն իրենից պահանջել է ևս 100 ԱՄՆ դոլար: Ինքն ասել է, որ արդեն վճարել է պայմանագրով նախատեսված ամբողջ գումարները և նա պայմանագրի համաձայն պետք է մասնակցի նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Ինքը հրաժարվել է լրացուցիչ գումար տալ և հետ է պահանջել փաստաթղթերը: Վ.Նիկողոսյանը չի ցանկացել թղթապանակը վերադարձնել ու փորձել է այն պատռել: Ինքը նրա ձեռքից փորձել է թղթապանակը վերցնել: Վ.Նիկողոսյանը վերցնելով փաստաթղթերի թղթապանակը աշխատասենյակից դուրս է եկել միջանցք ու այն նետել մի կողմ: Իրենց միջև վիճաբանություն և քաշքշոց է առաջացել: Հետո Վ.Նիկողոսյանը վերցրել է թղթապանակը և շենքից դուրս է եկել դեպի բակի կողմ: Դրսում` աստիճանների վրա Վ.Նիկողոսյանը թղթապանակը նետել է հեռու: Երբ ինքը շրջվել է, որ տեսնի թե ուր է ընկել թղթապանակը, Վ.Նիկողոսյանը ոտքով հարվածել է իրեն` ձախ կողմի նստատեղին: Նրա հարվածից ինքն ընկել է աստիճանների վրա ու գլորվել ներքև: Հետո մի կերպ բարձրացել է, վերցրել թղթապանակը և գնալով նրա աշխատասենյակ պահանջել է հետ վերադարձնել իրենից վերցրած գումարները: Վ.Նիկողոսյանը բռունցքով ուժեղ հարվածել է իրեն` քթի ու ճակատի մեջտեղում: Ինքը ուշագնաց է եղել ու վայր է ընկել: Ուշքի գալով տեսել է Վ.Նիկողոսյանին` գլխավերևում կանգնած ջրամանը ձեռքին: Իրեն շատ վատ է զգացել, քթից արյուն է հոսել, ոտքի կանգնել չի կարողացել: Վ.Նիկողոսյանը պահանջել է, որ նա իր աշխատասենյակից հեռանա, միաժամանակ ոտքերից քաշելով իրեն հանել է միջանցք: Միջանցքում հավաքված են եղել այդ շենքի այլ աշխատակիցներ: Ինքը խնդրել է շտապօգնություն կանչել: Իրեն տեղափոխել են հիվանդանոց, հետազոտել և սկզբնական շրջանում ասել են, որ ինքն ուղեղի ցնցում է ստացել: Ինքը չի ցանկացել հիվանդանոցում մնալ: Տանը կաթիլային է ստացել, հետո նորից տեղափոխվել է հիվանդանոց ու մոտ մեկ շաբաթ շարունակել բուժումը:
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012 թվականի նոյեմբերի 20-ին մեղադրական դատավճիռ է կայացրել, որով Վարդան Նիկողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի` 30.000 /երեսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
2012թ. դեկտեմբերի 20-ին ամբաստանյալ Վարդան Նիկողոսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է ամբողջությամբ բեկանել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի`Վարդան Պետրոսի Նիկողոսյանի վերաբերյալ 20.11.2012թ. դատավճիռը, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել :
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net