Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ)` կից նախագծերի փաթեթով:
Նախագծով նախատեսվում է, որ «օրենքը կարգավորում է պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է ուսումնական վարկերի տրամադրման կարգը, ուսումնական վարկերի տրամադրման բնագավառում պետական կառավարման մարմինների, բանկերի և վարկային այլ կազմակերպությունների իրավասությունը, վարկառուների իրավունքները և պարտականությունները:»:
Նախագծի համաձայն` վարկառու է բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող և բանկի կամ վարկային այլ կազմակերպության հետ նշված օրենքով սահմանված կարգով ուսումնական վարկի պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը ուսանողական նպաստ կամ ուսման վարձի այլ փոխհատուցում չի ստանում:
Իսկ ուսումնական վարկը ուսման ծախսերի հատուցման նպատակով բանկի կողմից հիմնական կամ հարակից ուսումնական վարկի պայմանագրի հիման վրա վարկառուին տրամադրվող դրամական միջոցն է:
Վարկառուի և բանկի միջև կարող է կնքվել`
1. հիմնական ուսումնական վարկի պայմանագիր ` ուսումնական վարկի պայմանագիր, որով բանկը ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով սովորող վարկառուին դրամական միջոցներ է տրամադրում ուսումնառության պայմանագրով սահմանված ուսման վարձի հատուցման նպատակով.
2. հարակից ուսումնական վարկի պայմանագիր ` ուսումնական վարկի պայմանագիր, որով բանկը ուսումնական հաստատությունում վճարովի կամ անվճար հիմունքներով սովորող վարկառուին դրամական միջոցներ է տրամադրում ուսումնառության հետ կապված հարակից` սնվելու, բնակվելու, տրանսպորտի, հագուստի, ուսումնական նյութերի ձեռք բերման և այլ ծախսերի հատուցման նպատակով:
Ուսումնական վարկերի պետական օժանդակության տրամադրման պայմանները հետևյալն են`
1. Ուսումանական վարկերի պետական օժանդակությունը տրամադրվում է ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների (ատեստավորման) արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մրցութային կարգով:
2. Ուսումնական վարկերի առավելագույն տոկոսադրույքների կարգավորմամբ պետական օժանդակությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների ուսանողներին` ուսումնական վարկի պայմանագրով նախատեսված վարկառուի պարտավորությունները գրավով ապահովված լինելու դեպքում:
3. Ուսումնական վարկի պետական երաշխավորությունը տրվում է ուսումնական վարկերի առավելագույն տոկոսադրույքների կարգավորմամբ պետական օժանդակության հետ փոխկապակցված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին:
4. Առաջին կուրսում ուսումնական վարկերի պետական օժանդակությունը տրամադրվում է ուսումնական հաստատությունների ընդունելության կանոններով սահմանված կարգով ուսումնական հաստատություն ընդունված ուսանողներին:
5. Հաջորդ կուրսերում ուսումնական վարկերի պետական օժանդակությունը տրվում է նախորդ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների (ատեստավորման) արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` մրցութային կարգով:
Կարծում ենք` նման նախագծերի ընդունումը կարող է նպաստել անվճարունակ անձանց կրթություն ստանալուն:
Աղբյուրը` Իրավաբան.net