Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` օրենքով սահմանված կանոնները:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ շրջանում քարոզչությունն անվանվում է նախընտրական քարոզչություն:
Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:
Պետությունն ապահովում է նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Այն ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով նրանց դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք թեկնածուներին ու համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net