Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` քաղաքացիական գործերից մեկով կայացրած վճիռն ընթերցելիս առաջին միտքը, որ ծնվեց հետևյալն էր. մի՞թե սա է հայ տղամարդու կերպարը, որը, դիմելով դատարան` ամուսնությունը լուծելու պահանջով, ոչ միայն կամովին չի ցանկանում ստանձնել իր երեխայի խնամքը, այլև կնոջից պահանջում է բնակարանի փականի բանալու օրինակը կամ այդ բանալու կրկնօրինակը, ինչպես նաև իրենց բնակարանում առկա շարժական գույքի կեսը, որից հատկապես կարելի է նշել հետևյալը` երկտեղանոց մահճակալ, հյուրասենյակի երկու սեղան, հեռուստացույց` LCD էկրանով, հյուրասենյակի սեղանի համար նախատեսված ութ հատ աթոռ և երկու բազկաթոռ, ննջասենյակի զարդասեղան, խոհանոցի սեղան, լվացքի մեքենա, սպասք լվացող մեքենա, զուգարանակոնք…
Ի պատասխան ամուսնու ներկայացրած` վերը նշված բովանդակությամբ հայցադիմումին` կինը դատարան է ներկայացրել հակընդդեմ հայցադիմում, որով խնդրել է իր ամուսնուց հօգուտ իրենց անչափահաս դստեր բռնագանձել ալիմենտ, երեխայի լրացուցիչ ծախսերի համար վճարվող գումարի կեսը, ինչպես նաև պահանջել է համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի կեսը:
«Ի պատիվ» ամուսնու` պետք է նշել, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլում հրաժարվել է բնակարանը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և ստացված գումարը կողմերի միջև հավասարապես բաշխելու պահանջներից, ուստի այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսանության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականություն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է։
Դատարանը, ղեկավարվելով վերը նշված հոդվածով և նկատի ունենալով, որ կինը բնակարանում առկա շարժական գույքի մի մասը 02.12.2011թ. կնքված նվիրատվության պայմանագրով նվեր է ստացել իր հորից, գտել է, որ այն սեփականության իրավունքով պատկանում են կնոջը և չի կարող բաժանվել ամուսինների միջև:
Ինչ վերաբերում է սկզբնական և հակընդդեմ հայցադիմումների մնացած պահանջներին, ապա դրանց մի մասը բավարարվել է, իսկ մնացած մասը` մերժվել:
Մնում է միայն ավելացնել, որ երբեմն ավելի ճիշտ է նախապատվությունը տալ բարոյական նորմերին և օրենքներին, և չմոռանալ «մարդ» մնալ:
Աղբյուրը` Իրավաբան.net