Կրակել է երկու անձի վրա և հանձնվել ոստիկանությանը

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Յուրի Թ.-ի:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ. մարտի 9-ին` ժամը 21:30-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ն.Չարբախի 3-րդ փողոցի թիվ 2 նրբանցքի 170 Ա հողակտորում գտնվող խորտկարանում կենցաղային հարցերից առաջացած տարաձայնության պատճառով իր աներորդի Վարդան Վ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` իրեն ամրակցված «ՄՌ-133» տեսակի 12 մ տրամաչափի որսորդական հրացանով մի քանի անգամ կրակել է վերջինիս որովայնին, այնուհետև նույն հրացանով երկու անգամ կրակել է այդ պահին այդտեղ գտնվող Վարդան Վ.-ի աներորդու` Դավիթ Բ.-ի ստորին վերջույթների և ձախ ստորին վերջույթին` վնասվածքի ձևով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

 

Դավիթ Բ.-ին և Վարդան Վ.-ին տեղափոխել են Էրեբունի բ/կ, որտեղ էլ Վարդան.Վ.-ն որովայնի խոռոչի բաց թափանցվող վերքից ժամը 23:45-ին մահացել է, իսկ Յուրի Թ.-ն, դեպքից հետո ապօրինաբար տիրանալով խորտկարանի առաջ կայանված Վարդան.Վ.-ին պատկանող «Օպել» մակնիշի «VECTRA1.8» տեսակի ավտոմեքենային, այն, առանց իրացնելու, հաշտակելու նպատակով վարել է և գնացել ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի վարչության Մալաթիայի բաժնին և հանձնվել:

 

Գործով որպես իրեղեն ապացույցներ են ճանաչվել 7 հատ որսորդական փամփուշտների կրակված պարկուճները, 4 հատ որսորդական փամփուշտների կրակված և դեֆորմացված կոնտեյներները, Յուրի Թ.-ին պատկանող հրացանից փորձարարական կրակոցի արդյունքում ստացված նմուշը, 1 հատ կրակված պարկուճը, 32 հատ մետաղակտորները, 11 հատ կոտորակները, 37 հատ մետաղակտորները և 2 հատ որսորդական փամփուշտների կրակված և դեֆորմացված կոնտեյներները, Դավիթ Բ.-ի մարմնից հանված 12 մետաղակտորները, 1 դանակ, տուժող Վարդան Վ.-ի հագուստները, տուժող Դավիթ.Բ.-ի հագուստները, մեղադրյալ Յուրի Թ.-ի հագուստները, նրա ձեռքերից վերցված բամբակյա խծուծները, 3 մառլայի խծուծները, ծխախոտի տուփը, Յուրի Թ.-ի զինվորական գոտին, որսորդական գրքույկն ու զենքի թույլտվության վկայականը` ընդհանուր 16 փաթեթ` փաթեթավորված և կնիքված վիճակում:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորում:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել