Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետևյալ կարգավիճակները.
ա) ժամանակավոր.
բ) մշտական.
գ) հատուկ:
Հատուկ կացության կարգավիճակ տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին:
Հատուկ կացության կարգավիճակ կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների:
Հատուկ կացության կարգավիճակ տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:
Ի՞նչ կարգով են ստանում հատուկ կացության կարգավիճակ:
Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին, իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշում կայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Այդ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Իսկ որո՞նք են հատուկ կացության կարգավիճակ ունեցողների արտոնությունները:
Հատուկ կացության կարգավիճակ ունեցողները Հայաստանի Հանարապետությունում կարող են աշխատել առանց աշխատանքի թույլտվության:
Իսկ թե ի՞նչ իրավունքներ կարող են ունենալ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք հողի նկատմամբ, ծանոթացեք այստեղ:
Աղբյուրը` Իրավաբան.net