Գողություն մանկատնից. Ծնողական խնամքից զրկված երեխաները զրկվեցին նաև իրենց սիրելի իրերից

2012թ. դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործում է 7 մանկատուն, այդ թվում 2-ը` մասնագիտացված: Հայաստանում գործում են նաև բարեգործական մանկատներ:

 

Ներկայում մանկատներում խնամվում է շուրջ 780 երեխա, այդ թվում 416-ը` մասնագիտացված մանկատներում:  

 

 

Մանկատան սաները խոցելի են, նրանց ճակատագրերը՝ անկանխատեսելի: Առավել ցավալի է, երբ երջանիկ մանկություն և ընտանիքի կարոտ ունեցող մանկանը զրկում ես նաև իրեն ուրախություն պարգևող որևէ բանից:

 

 

21 ամյա Ա.Կիրակոսյանի և 23 ամյա Ռ.Կուդաշինի ընկերությունը սկսել է դեռևս Վանաձորի մանկատանը բնակվելիս: Շուրջ 5 տարի է ինչ ճանաչում են նաև մանկատան թաղամասում բնակվող 24 ամյա Տ. Մելիքջանյանին:

 

 

2011 թվականի հունիս ամսին, ժամը` 23-ի սահմաններում, Ա.Կիրակոսյանը,  նախնական համաձայնության գալով Տ.Մելիքջանյանի և Ռ.Կուդաշինի հետ, դարպասի վրայով ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի ՔՇՀ 4 հասցեում գտնվող «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տարծք, որտեղ Տ.Մելիքջանյանը սպասել է հիշյալ ՊՈԱԿ-ի երկրորդ հարկում գտնվող հյուրասենյակի պատշգամբում, Ռ.Կուդաշինը սպասել է պատշգամբ տանող աստիճանների մոտ, իսկ Ա.Կիրակոսյանը պատուհանը հրելու և բացելու միջոցով, ապօրինի մուտք է գործել հյուրասենյակ, պատուհանից Տ.Մելիքջանյանին փոխանցել հյուրասենյակում գտնվող «Սոնի» մակնիշի երաժշտական կենտրոնը և ձայնարկիչը` իրենց 6 բարձրախոսներով, որոնք վերջինս տեղափոխել է աստիճանների մոտ, ապա երեքով միասին դուրս են բերել «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տարածքից` գաղտնի հափշտակելով ընդհանուր զգալի չափ համարվող` 150.000 ՀՀ դրամ արժողության «Սոնի» մակնիշի երաժշտական կենտրոնը և ձայնարկիչը` իրենց բարձրախոսներով:

 

 

Հիշյալ գույքը 2010 թվականի աշնանը մանկատանը նվիրաբերել էր պարսկահայ մի բարեգործ:

 

 

Բացի այդ, Ա.Կիրակոսյանը 2011 թվականի հուլիս ամսին, պատուհանի ճաղավանդակը երկաթյա լինգով պոկելու և պատուհանը բացելու միջոցով, ապօրին մուտք է գործել Վանաձոր քաղաքի Տարոն 2, ՔՇՀ 3, 44Ա հասցեում գործող Ս.Ա.-ին պատկանող մթերային խանութ և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերով ընդհանուր` 150.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի ծխախոտներ, քաղցրավենիք և խմիչքներ: Ինչպես նաև, 2011 թվականի օգոստոսի 14-ի լուս 15-ի գիշերը, մետաղյա ձողով պատուհանի ճաղավանդակը պոկելու և պատուհանը բացելու միջոցով, ապօրինի մուտք է գործել Վանաձոր քաղաքի Տարոն 4 փողոցի 1-ին նրբանցքի 12Ա հասցեում գտնվող` Մ.Գ.-ին պատկանող առանձնատուն և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերով ընդհանուր` 295.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ «Սամսունգ» տեսակի հեռուստացույց, մեկ հատ «Սոնի» տեսակի հեռուստացույց և մեկ հատ «Սոնի» տեսակի համակարգչային էկրան:

 

 

Հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում Արթուր Սիմոնի Կիրակոսյանն առաջադրված մեղադրանքներում` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետով, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, իրեն մեղավոր է ճանաչել լիովին: Տ. Մելիքջանյանին և Ռ.Կուդաշին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդված 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում Ռ.Կուդաշինն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց:

 

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012թ. նոյեմբերի 13-ի մեղադրական դատավճիռ է կայացրել, որով Ա. Կիրակոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ազատազրկման 2 տարի ժամկետով:  ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի համաձայն` հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Կիրակոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 6-րդ մասով, պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, նախորդ` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22.05.2012թ. դատավճռով նշանակված ազատազրկման ձևով պատժից 6 ամիսը գումարվել է սույն դատավճռով նշանակված 4 տարի 6 ամիս ժամկետով պատժին և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 5 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Դատարանը որոշել է ամբաստանյալ Ա.Կիրակոսյանից հօգուտ տուժող Ս.Քամալյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի փոխհատուցում:

 

Դատարանը ամբաստանյալ Տ.Մելիքջանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և դատապարտել է ազատազրկման 5 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 6-րդ մասով, պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, նախորդ` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22.05.2012թ. դատավճռով նշանակված ազատազրկման ձևով պատժից 6 ամիսը գումարվել է սույն դատավճռով նշանակված 5 տարի ժամկետով պատժին և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

 

Դատարանը ամբաստանյալ Ռ.Կուդաշինին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

 

Սույն դատավճիռը ամբաստանյալների կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել