Վճռաբեկ դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը վարույթ չի ընդունել

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 20-ին մերժել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը վարույթ ընդունել։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները վճռաբեկ ատյան էին դիմել՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները։

Վերաքննիչ քրեական դատարանը, բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները և նախկին նախագահին կրկին կալանավորելու որոշում կայացրել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ. ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել