Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ընտանիքին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հեռագրում մասնավորապես ասված է.«Խոր ցավով տեղեկացա գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ողբերգական մահվան մասին:Հայկ Հարությունյանն աչքի էր ընկնում իր գործին հատուկ նվիրվածությամբ և բարձր արհեստավարժությամբ: Նա պատվի ու արժանապատվության մարդ էր, մեծ հեղինակություն ուներ ծառայակիցների շրջանում և վայելում էր նրանց անկեղծ հարգանքը, շոշափելի ներդրում է ունեցել Հայաստանի ոստիկանության համակարգի կայացման և զարգացման գործում:
Իր գործունեության ընթացքում Հայկ Հարությունյանը հատուկ ուշադրություն էր դարձնում Արցախին, երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը»:
Սահակյանն Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթել տոկունություն ու ոգու կորով։
«Հայկ Արտեմի Հարությունյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, բոլոր նրանց, ովքեր ճանաչել, ծառայել և շփվել են նրա հետ»,-ասվում է ցավակցական հեռագրում: