ԱԱԾ. Բացահայտվել է շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է շուրջ 2 կգ քաշով  կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, գալով նախնական համաձայնության, ոսկերչությամբ զբաղվող անձանց միջոցով պատրաստել են ոսկեպատ արծաթե համաձուլվածքներ՝ ոսկու ձուլակտորների նմանողությամբ, և նախաձեռնել դրանց իրացումը:

Մասնավորապես՝ 2019թ. սեպտեմբերի 8-ին նշված կեղծ ձուլակտորներից շուրջ 0.5 կգ-ը խաբեությամբ վաճառել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն՝ վերջինիցս ստանալով 9 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այնուհետև, սեպտեմբերի 23-ին, նշված անձինք փորձել են նույն քաղաքացուն իրացնել ևս 1.5 կգ կեղծ ոսկու  ձուլակտորներ՝ 27.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, սակայն գործարքն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո առերևույթ հանցագործություն կատարած անձինք բռնվել և բերման են ենթարկվել:

Բացի այդ, ըստ հավաստի օպերատիվ  տվյալների, վերջիններս կեղծ ոսկու ձուլակտորներ են գրավադրել  նաև հայաստանյան բանկերից մեկում՝ դրա դիմաց ստանալով գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցված  քրեական  գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով: Երկու  անձ ձերբակալվել է, երրոդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել