Թեքահարթակների կառուցումից մինչև վերականգնողական ծրագրեր. ի՞նչ է արվել հաշմանդամություն ունեցող անձանց համար

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովն ամփոփել է 2019թ. առաջին կիսամյակում իրականացված ծրագրերը:

Մասնավորապես, սոցիալական աջակցության ծրագրերում ընգրկվել է ավելի քան 3000 ընտանիք: Մատչելի միջավայր ստեղծելու առիթով նշվեց, որ այս տարի ընդհանուր առմամբ 240 թեքահարթակ կկառուցվի, որից 120-ն արդեն պատրաստ է: Թեքահարթակներ են կառուցվել նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցներում և մանկապարտեզներում: Բացի այդ, 238 օբյեկտների, այդ թվում՝ բազմաբնակարան և բազմագործառութային շենքերի նախագծման թույլտվություններում, որպես պարտադիր պայման, պահանջվել է ապահովել հենաշարժողական ու տեսողական խնդիրներ ունեցողների կարիքները հաշվի առնող անհրաժեշտ պայմաններ:

Աշխատանքներ են տարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, մասնագիտական ուսուցման և զբաղվածության խնդիրը լուծելու նպատակով: Քաղաքային ծրագրերի իրականացման ընթացքում ակտիվ համագործակցություն է եղել շահառու հասարակական կազմակերպությունների հետ: Հաշմանդամություն ունեցող անձինք ներգրավվել են նաև առողջապահական տարբեր, այդ թվում՝ վերականգնողական ծրագրերում:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հրաչյա Սարգսյանը, ծանոթանալով ներկայացված հաշվետվություններին, ընդգծեց, որ ոլորտում անելքիներ դեռ շատ կան: «Հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց խնդիրները շարունակելու են մնալ քաղաքապետարանի ամենօրյա դիտակետում: Կշարունակվի նաև վերահսկողությունը քաղաքային ծրագրերով իրականացվող աշխատանքների նկատմամբ»,- նկատեց Հրաչյա Սարգսյանը:

Հանձնաժողովի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին, անդրադառնալով քաղաքի մատչելիության խնդրին, հանդես եկան մի շարք առաջարկներով: Հրաչյա Սարգսյանը խնդրեց բոլոր դիտողություններն ու առաջարկներն առավել մանրամասն և գրավոր ներկայացնել քաղաքապետարան՝ հնարավորության դեպքում դրանք քաղաքապետարանի հետագա ծրագրերում ներառելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել