Հայաստանի Հանրապետությունը 1992թ. վավերացրել է «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան` պարտավորվելով երեխայի պաշտպանության հարցերը դարձնել առաջնահերթ և դրանք ներառել ազգային ծրագրերում: 1994թ. ՀՀ նախագահը ստորագրել է Երեխայի գոյապահպանման, պաշտպանության և զարգացման ապահովման մասին համաշխարհային հռչակագիրը: 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը, որը հիմնված է ՀՀ Սահմանադրության ու «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի վրա և սահմանում է երեխաների իրավունքներն ու այդ իրավունքների պաշտպանության համար կառավարության ստանձնած պարտավորությունները:
Հայաստանում երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք։ Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները): Եվ հենց ծնողներն էլ պարտավոր են պահել իրենց երեխաներին։ Բայց մեր օրերում քիչ չեն այն դեպքերը, երբ ծնողները հրաժարվում են իրենց երեխաներից, չեն տրամադրում վերջիններիս համար ապրուստի միջոցներ, թողնում են նրանց բատի քմահաճույքին և մոռացության տալիս սեփական երեխաների գոյության փաստը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ քննվում է Դերենիկ Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործը, այն մեղադրանքով, որ նա սկսած 2007թ-ից չարամտորեն խուսափում է իր անչափահաս երեխանների` Նավիկ Մարգարյանի և Դավիթ Մարգարյանի համար դատարանի վճռով սահմանված ապրուստի միջոց` ամսական յուրաքանչյուր երեխայի համար սահմանված 20000 ՀՀ դրամ ալիմենտը վճարելուց:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Տավուշի մարզի դատախազության դատախազ Արարատ Ազիբեկյանի կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net