Վալերի Օսիպյանն ամբողջությամբ պատասխանատվություն է կրելու տեղի ունեցածի համար․ Արման Բաբաջանյանը՝ Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ կատարված մահափորձի մասին

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ ավելի վաղ, ֆեյսբուքյան իմ պաշտոնական էջում հաղորդում էի տվել հանցագործության մասին՝ օրեր առաջ քաղաքացի Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ կատարված մահափորձի վերաբերյալ։ Մի քանի ժամ անց ոստիկանությունը չափազանց անհամարժեք կերպով էր արձագանքել իմ գրառմանը։

Ոստիկանության այս գործելաոճը տեղի ունեցածի համար պատասխանատու է դարձնում անձամբ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ու նրան նշանակած իշխանությանը, քանի որ ակնհայտորեն երկրի կարևորագույն իրավապահ կառույցը անհամարժեք վարքագիծ է ցուցաբերում օրենսդիր մարմնի, նրա ներկայացուցչի՝ Ազգային ժողովի պատգամավորի հանդեպ:

Խնդիրը իմ անձի նկատմամբ վերաբերմունքը չէ, այլ այն, որ ոստիկանությունն այսպիսով իրեն ինչ-որ իմաստով վեր է դասում օրենսդիր մարմնից, ինչը, ի դեպ, շատ խոր արմատներ ունի և պայմանավորված է նրանով, որ ոստիկանությունը դուրս է Ազգային ժողովի վերահսկողությունից:

Այսու, անձամբ Վալերի Օսիպյանից պահանջում եմ րոպե առաջ հետամուտ լինել տեղի ունեցածի լիարժեք, ամբողջական բացահայտմանը, այլապես, ինչպես ասացի, նա ամբողջությամբ պատասխանատվություն է կրելու տեղի ունեցածի համար:

Սա հերթական անգամ վկայում է, որ նոր Հայաստանում իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանությունը, ամենևին էլ նոր չեն և ամբողջությամբ աշխատում են նախկին մեթոդներով, նախկին իներցիայով, նախկին արատավոր գործիքակազմով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել