Կարող են պատահել դեպքեր, երբ քաղաքացիական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է ստանալ ապացույց ոչ այն դատարանին ընդդատյա տարածքում, որը քննում է գործը:
Գործը քննող դատարանը` Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարզի տարածքում ապացույցներ ստանալու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի հանձնարարել համապատասխան դատարանին` կատարելու որոշակի դատավարարական գործողություններ:
Դատական հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա հանգամանքները և այն ապացույցները, որոնք պետք է հավաքի հանձնարարություն կատարող դատարանը:
«Դատական հանձնարարության մասին որոշումը պարտադիր է հանձնարարությունն ստացած դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում»,-Իրավաբան.net-ին հետ զրույցի ընթացքում հայտնեց փաստաբան Արփինե Եղիկյանը:
Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:
Դատական հանձնարարությունը կատարելու մասին կայացվում է որոշում, որը բոլոր նյութերի հետ միասին անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան:
Հանձնարարությունը կատարող դատարանին ցուցմունքներ տված գործին մասնակցող անձինք կամ վկաները գործը քննող դատարանի նիստին մասնակցելիս ցուցմունքներ տալիս են ընդհանուր կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net