Սահմանադրության համապատասխան՝ ԱԺ մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով:
Մշտական հանձնաժողովների կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են հանձնաժողովի կազմավորման համար սահմանված սկզբունքները:
Մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները սահմանվում են Ազգային ժողովի որոշմամբ: Մշտական հանձնաժողովների թիվը սահմանվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանում:
Մշտական հանձնաժողովն ունի իր կանոնակարգը, որը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:
Մշտական հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական և մասնագիտական գործունեությունն ապահովում է մշտական հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և գործում է մշտական հանձնաժողովի ու Աշխատակազմի կանոնադրություններով սահմանված կարգով՝ մշտական հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:
Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար (օգնական) և 3 փորձագետ (մասնագետ): Մշտական հանձնաժողովի գործավարը (օգնականը) աշխատանքի է ընդունվում և ազատվում աշխատանքից համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները (մասնագետները)՝ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան:
Վերակազմակերպված (միաձուլված, միացված, բաժանված) և (կամ) անվանափոխված մշտական հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) իրավական վիճակը որոշվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Մասնավորապես` աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են Աշխատակազմի կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված պետական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող պետական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` պետական ծառայության առավել երկար ստաժ ունեցող պետական ծառայողին:
Աշխատակազմը մշտական հանձնաժողովներին ապահովում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, սահմանադրական դատարանի ընդունած ակտերով և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթով:
Աղբյուրը` Իրավաբան.net