Ի՞նչ կարգով են կիրառվում դատական սանկցիաները

Քաղաքացիական գործի արդյունավետ քննությանը խոչընդոտող գործողությունների համար դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

 

1) նախազգուշացում.

 

2) նիստերի դահլիճից հեռացնելը.

 

3) դատական տուգանք.

 

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:

 

Գործին մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

 

Գործին մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

 

Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:

 

Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է:

 

Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջոցով:

 

«Դատական տուգանքը կիրառվում է գործին մասնակցող անձանց և փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաև արարք կատարողի անձը:

 

Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում»,-Իրավաբան.նեթ.-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել նախազգուշացում և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելու սանկցիաները:

 

Դատախազին և փաստաբանին պատասխանատվության ենթարկելու համար համապատասխանաբար Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ:

 

Փաստաբանի փոխանցմամբ. «Փաստաբանին կամ դատախազին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատարանի դիմումը պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար»:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել