Քննարկվել են դատախազների էթիկայի կանոններին վերաբերող հիմնահարցեր

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը 2013թ. հունվարի 17-ին ընդունել է ԵԱՀԿ և Եվրոմիության SIGMA համատեղ նախաձեռնության ավագ խորհրդատու Սկավիեր Սիստերնասի գլխավորած պատվիրակությանը:

 

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ դատախազության համակարգում դատախազների էթիկայի կանոններին վերաբերող հիմնահարցեր: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, բարձր գնահատելով համատեղ նախաձեռնության կարեւորությունը, նշել է, որ դատախազների էթիկայի կանոնները կարգավորված են գործող օրենսդրությամբ, իսկ դրանց պահպանումն ուղղակիորեն գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում:

 

Գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրեց «Դատախազի վարքագծի կանոնագիրքը»` նշելով, որ այդ կանոնագիրքը հստակ սահմանում է դատախազի վարքագծի հիմնարար սկզբունքները, դատախազի վարքագծի կանոններն ինչպես պաշտոնեական հարաբերություններում, այնպես էլ` արտապաշտոնեական հարաբերություններում:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ դատախազների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության ընթացակարգերին:

 

Փորձագետների կողմից բարձրացվել են մի շարք կարեւոր հարցադրումներ` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, մասնավորապես` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի միասնական համակարգի անցնելու նպատակահարմարության մասին:

 

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ հետագա համագործակցությունը կնպաստի դատախազի վարքագծի կամ էթիկայի կանոնների կիրառման արդյունավետությանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել