Ովքե՞ր պետք է առաջին հերթին տեղեր զբաղեցնեն մետրոյի վագոնում․ հրաման

Դեռ 1997 թվականին տրանսպորտի նախարարի հրամանով սահմանվել են մետրոպոլիտենիս օգտնվելու կանոնները։ Նշենք, որ հրամանը արդեն 22 տարի է փոփոխությունների չի ենթարկվել և գործում է։

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Սույն կանոնները բխում են ՀՀ տրանսպորտի նախարարության և «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ կանոնադրություններից և կարգավորում են մետրոպոլիտենում ուղևորների երթևեկության հետ կապված հարաբերությունները.

1. Ուղևորները պարտավոր են պահպանել հասարակական կարգը և ենթարկվել մետրոպոլիտենից օգտվելու կանոններին:

2. Ուղևորները և մետրոպոլիտենի աշխատակիցները պետք է լինեն փոխադարձ հարգալից և խնամքով վերաբերվեն մետրոպոլիտենի շինություններին և կառույցներին:

3. Գնացքներում պետք է ժամանակին հայտարարվեն կայարանների անվանումները, ինչպես նաև երթևեկությանը վերաբերող այլ անհրաժեշտ տեղեկատվություններ:

4. Ուղևորները պետք է վճարեն երթևեկության համար 60.40.20 սմ-ից ավելի չափսի (այսինքն` եթե լայնքի, երկայնքի և բարձրության չափերի գումարը անցնում է 129 սմ-ից) ուղեբեռի և 150 սմ-ից ավելի երկարություն ունեցող առարկաների փոխադրման համար կառավարության կողմից սահմանված կարգով: Վճարման ենթակա չէ դահուկների, մանկական հեծանիվների, սահնակների, ձկնորսական կարթերի, երաժշտական գործիքների և այգեգործական մանր գործիքների փոխադրումը:

5. Ուղևորն իրավունք ունի անվճար փոխադրել մինչև 7 տարեկան երեխաներ:

6. Մետրոպոլիտենով երթևեկելու ամսական մշտական տոմսերը և երթևեկության արտոնությունների վկայականները ուղևորները պարտավոր են բաց վիճակում ներկայացնել հսկիչներին:

7. Շարժասանդուղքներից օգտվելիս պետք է կանգնել աջ կողմում` դեմքով դեպի շարժման ուղղությունը, բռնել բազրեփոկից, անցնել ձախ կողմով և չհապաղել շարժասանդուղքից ելնելիս: Քայլել անցուղիների աջ կողմով:

8. Երեխաներին պետք է պահել ձեռքը բռնած կամ գրկած, թույլ չտալ նրանց` հենվել շարժասանդուղքի կողապատերին:

9. Կառամատույցում գնացքի սպասող ուղևորները գնացքի երկարությամբ պետք է տեղաբաշխվեն համաչափ:

Որևէ առարկա գնացքի գծի վրա վայր գցելու դեպքում ուղևորը պետք է այդ մասին հայտնի կայարանի հերթապահին:

10. Վագոններում առաջին հերթին տեղեր պետք է զբաղեցնեն հաշմանդամները, երեխաների հետ երթևեկող ուղևորները և ծերերը:

11. Ծխի գոյացման կամ հրդեհի, ինչպես նաև այնպիսի իրադրությունների առաջացման դեպքում, որոնք կարող են ազդել ուղևորների փոխադրման կամ գնացքների երթևեկության անվտանգության վրա, ուղևորները պետք է անհապաղ տեղեկացնեն գնացքի մեքենավարին` «ուղևոր-մեքենավար» արտակարգ կապի միջոցով կամ սեղմելով հակահրդեհային ազդանշանի կոճակը:

11. ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ.

11.1. Հրազեն, դյուրավառ, պայթուցիկ, թունավորող, գարշահոտ նյութեր և առարկաներ տեղափոխել:

11.2. Հարբած վիճակում մտնել կայարան և գնացքներով երթևեկել:

11.3. Երկաթուղային գծերին առարկաներ գցել, որոնք կարող են խանգարել գնացքների շարժմանը:

11.4. Անցնել կառամատույցի երզի սահմանափակիչ գիծը և մոտենալ վագոնին մինչև գնացքի լրիվ կանգառը:

11.5. Իջնել երկաթուղու գծերին և քայլել նրանց վրայով:

11.6. Ընթացքի ժամանակ վագոնների դռները բացել, կանգառներում ուշացնել դռների բացվելը կամ փակվելը:

11.7. Վնասել մետրոպոլիտենի վագոնների ներքին սարքավորումները, լոկոմոտիվների և վագոնների ապակիները, նստատեղերը:

11.8. Նկարահանումներ կատարել առանց մետրոպոլիտենի տնօրինության թույլտվության:

11.9. Մտնել կայարան այնպիսի ուղեբեռով և առարկաներով, որոնք կարող են կեղտոտել կայարանի տարածքը, ուղևորներին, վագոնների ներքին կայքը:

11.10. Նստել շարժասանդուղքի աստիճաններին, հենվել կամ իրերը դնել բազրեփոկին, վազել շարժասանդուղքներով և կառամատույցով:

11.11. Ծխել կայարաններում և վագոններում:

11.12. Առանց անհրաժեշտության օգտվել «ուղևոր-մեքենավար» արտակարգ կապից կամ հակահրդեհային ազդանշանի կոճակից:

11.13. Տեղափոխել առանց դնչակալի և վզակալի կենդանիներ և առանց վանդակի թռչուններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել