Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին՝
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարինաշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք.
2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 3 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Կանանց, մինչև սույն մասով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակ է նշանակվում ըստ հետևյալ սանդղակի.
Ծննդյան տարեթիվ | Տարիք | Կենսաթոշակի անցնելու տարեթիվ |
01.01.1960-30.06.1960 | 54,5 | 2014 |
01.07.1960-31.12.1960 | 55 | 2015 |
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին՝
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարինաշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք.
2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 4 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 45 տարին լրացած և առնվազն 20 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունեցող` հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին:
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակը նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և թիվ 2 ցուցակները, պաշտոնների թիվ 3 և թիվ 4 ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: