ՀՀ զինված ուժերում 2012 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:
«2012 արձանագրվել է զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան ելքով 29 հանցագործության դեպ (որից 9 հակառակորդի կողմից կատարված) 2011 թվականին 34 դեպքի դիմաց: Ընդհանուր առմամբ ՀՀ զինված ուժերում (բացի հակառակորդի կողմից կատարվածների) արձանագրված բռնության հետևանքով մահվան ելքով հանցագործության դեպքերը 2011թ համեմատությամբ 2012 թվականին նվազել են 50 տոկոսով:
2012 ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված զինվորական հանցագործությունները 2011թ. համեմատ նվազել են 21.2 տոկոսով, իսկ 2010 թվականի համեմատությամբ նվազումը կազմում է ավելի քան 30»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:
Ըստ վիճակագրության՝ զինվորական ծառայության կրելու կարգի դեմ ուղղված հանցագործությունները, որոնք զինվորական հանցագործությունների ընդհանուր թվում կազմում են ավելի քան 30 տոկոս նվազել են 26.7 տոկոսով, հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 24.1 տոկոսով:
«2012 թվականին մեր կողմից նախանշված և իրականացված միջոցառումները հանգեցրեցին չասեմ այն բացարձակ ցանկալի արդյունքին, բայց հանգեցրեցին այնպիսի արդյունքի, որը շոշափելի է, և ես կարող եմ միանշանակ փաստել, որ 2012 թվականի իրականացրած միջոցառումներն իրենց ամբողջության մեջ հանգեցրեցին հանցավորության մակարդակի կտրուկ, էական նվազմանը զինված ուժերում»,- կարծում է զինդատախազը:
Իրավաբան.net-ի լրագրողի այն հարցին, թե «Datalex» տեղեկատվական համակարգում զինվորական գործերը զգալի թիվ են կազմում մյուս քրեական գործերի համեմատ, դա հետևողականության, թե անհետևողականության արդյունք է, զինդատախազը նշեց, որ եթե ուսումնասիրենք նախորդ տարվա գործերի հետ, ապա դրանց թիվը նվազել է:
Նրա խոսքով՝ բանակաշինության և զինված ուժերում կարգապահության և օրինականության հաստատման հարցում իրենց համար ցանկալի արդյունքի դեռ չեն հասել, որովհետև անելիքներ շատ կա, բայց արդյունքներն ակնհայտ են:
Ի դեպ, Գեւորգ Կոստանյանը, ասուլիսը սկսելուն պես, հայտարարեց, որ կոնկրետ գործերի մասին չի խոսելու՝ չնայած «Մատաղիսի» գործով լրագրողների տված բազմաթիվ հարցերին: Նշենք, որ այս գործով դատախազության կողմից վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտին մեկ օր է մնացել:
Աղբյուրը՝ Իրավաբան.net