Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց, իշխանություններին հարմար ԲԴԽ-ն իր համար անհասկանալի ձևակերպում է:
«Երբ ԲԴԽ-ում քննարկումներ են տեղի ունենում, ես նման մոտցում չեմ տեսնում, գրեթե բոլորիս կարծիքները համընկնում են՝ սկզբունքային հարցերի վերաբերյալ, գուցե որոշ դետալների նկատմամբ ունենք տարակարծություններ, բայց դրանք շուտ հաղթահարվում են»,-նշեց Վարդազարյանը:
ԲԴԽ նախագահը, խոսելով դատավոր Դավիթ Գրիգորյանի գործի մասին, նշեց. «ԲԴԽ օժտված է ապահովել դատավորի և դատական իշխանության անկախությունը, «դատավորի կողքին կանգնելու» լիազորություն ԲԴԽ չունի: Բավարար հիմքեր են ներկայացվել ԲԴԽ-ին և խորհուրդը թույլատրել է նախաքննություն իրականացնող մարմնին քրեական հետապնդում իրականացնել»,-նշեց ԲԴԽ նախագահը:
Վարդազարյանը նշեց, որ դատարանների շրջափակումը անթույլատրելի է և ճնշում է դատարանների վրա: ԲԴԽ նախագահը օրինակ բերեց ՊՊԾ գնդի գրավման գործը, երբ դատարանի հարևան փողոցները փակվում էին:
«Գտնում եմ, որ այն դատավորը, որը կկաշկանդվի, արդարադատություն կիրականացնի կախված դատարանի առջև կանգնած բողոքի ակցիայի քանակից, որակից, հնչեցրած բառերից, բառակապակցություններից, դարձվածքներից, այդ դատարանը կլինի սխալ: Չեմ ընդունում, որ դատավորը պետք է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնել: Մենք 21-րդ դարում ենք գտնվում: «Լինչի դատարան» և նման մեխանիզմները անթույլատրելի են»,-նշեց Վարդազարյանը: