Ավարտվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման քննությունները: Դրանք անցկացվել են հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանի նախագահությամբ:
Այս մասին հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Քննությունների արդյունքներով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր է շնորհվել 356 հավակնորդներից դրական շեմը հաղթահարած 62%-ին՝ 212 քաղաքացու: Նրանցից 40-ը գործող տնօրեններ են և տնօրենի պաշտոնակատարներ, 172-ը՝ ուսուցիչներ և փոխտնօրեններ: Քննությունները չհաղթահարած 130 հավակնորդներից 16-ը եղել են գործող տնօրեն և տնօրենի պաշտոնակատար: 14 հավակնորդ չի ներկայացել քննություններին:
Քննություններին մասնակցել է 293 կին (82%) և 63 տղամարդ (18%): Հավաստագիր է շնորհվել 171 կնոջ կամ մասնակից կանանց 61%-ին և 41 տղամարդու՝ 65%-ին: Հավաստագիր է շնորհվել Երևանի 47, իսկ մարզերի 165 հավակնորդի:
Այս տարի առաջին անգամ 4 վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին, «Կրթություն առանց սահմանների», «Հույս և ապագա», «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացա ՀԿ-ներին միացել են ևս 3-ը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Գորիսի մանկավարժական համալսարանները և Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցը: Ընդհանուր առմամբ, վերապատրաստվել է 300 հավակնորդ: