ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-կետի համաձայն` վկան, տուժողը, կասկածյալը և մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր և երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:
Հատկանշական է նշված հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն` ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:
Իրավաչափորեն հարց է առաջանում, միթե ճիշտ է քրեական գործով ծանուցագիրը կանչվողի հարևանին կամ ուսումնական հաստատությանը հանձնելը, չէ որ նման կերպ, փաստորեն, անձի անձնական կյանքին վերաբերող տվյալները փոխանցվում են երրորդ անձանց:
Կարծում ենք, նշված նորմը հակասում է նաև ՀՀ Սահմանադրությանը:
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածը սահմանաւոմ է. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքը անօրինական միջամտությունից, իր պատիվը և բարի համբավը ոտնձգությունից պաշտպանելու իրավունք:
Արգելվում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը և տարածելը:
Այս առումով, կարծում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նշված հոդվածը ճիշտ կլինի փոփոխել:
Աղբյուրը` Իրավաբան.net