Մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարականի դեպքում ՍԴ անդամները կպահպանեն այդ պահին ունեցած աշխատավարձը, սահմանված հավելավճարները, սոցիալական երաշխիքները․ նախագիծ

Արդարադադտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նախագծով դատավոր դառնալու համար տարիքային ցենզը 28-ից իջեցվել է 25-ի, իսկ 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառության փոխարեն նախատեսվում է սահմանել 3 տարին։

Նախագծում տեղ է գտել նաև մի այսպիսի դրույթ․ «2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»։ 

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային էր բնորոշում: Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները, ինչպես նաև առաջարկել ճգնաժամի հաղթահարման իր տարբերակները։

Տարբերակներից մեկն էլ հենց այն էր, որ ԱԺ-ն նախատեսի վաղ կենսաթոշակային սխեմայի գործարկում՝ դատարանի անդամների համար բոլոր երաշխիքներով: Իհարկե այս դեպքում ՍԴ անդամները պետք է հրաժարական ներկայացնեն: 

«Օրենսդիր իշխանությունը պետք է նախատեսի վաղ կենսաթոշակային սխեմայի գործարկումը Դատարանի անդամների համար բոլոր երաշխիքներով, հաշվի առնելով այս տեսակի հանգուցալուծումների համար միջազգային լավագույն փորձը և մշակված ստանդարտները, որ հրաժարական ներկայացրած անդամներն ստանան իրենց կողմից ստացվող աշխատավարձին առնվազն հավասար կենսաթոշակ և օգտվեն այլ երաշխիքներից, եթե կորոշեն հրաժարական ներկայացնել իրենց զբաղեցրած պաշտոններից:

Սակայն, քանի որ այս տարբերակը պայմանավորված է Դատարանի անդամների բացառիկ հայեցողությամբ, դրա լուծումը մնում է բացառապես Դատարանի անդամների լուծման տիրույթում և դուրս է սույն գրության մյուս հասցեատերերի լուծման տիրույթից և երկրորդային տարբերակ պետք է դիտարկվի ամեն դեպքում այս պայմաններում»,-նշել էր նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել